Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող 14 ընտանիքին է հանձնել նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետի տեղակալը շնորհավորել է նոր բնակարանների տերերին և ևս մեկ անգամ հիշեցրել, որ բնակիչները սահմանված կարգով համապատասխան ժամկետներում պետք է ազատեն հին, վթարային բնակարանները:
Տիգրան Մեծի պողոտայի 47 շենքի բնակիչները շնորհակալություն են հայտնել բնակիչների անվտանգությունն ապահովելու և բնակարանային խնդրին լուծում տալու համար:
Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի շենքն ընդգրկված էր 2014թ. հունվարի դրությամբ մայրաքաղաքում հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի ցանկում և, ըստ էության, ներկայում դա վերաբնակեցման ենթակա վերջին շենքն էր: