ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, քրեական գործին միացվել են նաև մի խումբ անձանց կողմից 2015 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ իրականացվող համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում զանգվածային անկարգությունների կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը, ինչպես նաև 2016 թվականի մայիսի 20-ին Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասնակից «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հրազեն հանդիսացող երկու ինքնաձիգ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ հայտնաբերելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

 

Նախաքննության ներկա փուլում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 60 անձ: 50 անձ կալանավորված է, երկուսը գտնվում են հետախուզման մեջ, մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ:

 

Բոլոր մեղադրյալներին տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ վերցնելը), 219-րդ (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 35-225-րդ (զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստություն) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների տարբեր մասերով: 16. 08. 2016թ. դրությամբ՝ տուժող է ճանաչվել 19 անձ:

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնվելուց հետո (02.08.2016թ.) կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 75 անձ (վկաներ, տուժողներ, մեղադրյալներ), կատարվել են քննչական փորձարարություն և դեպքի վայրի դետալային զննություններ, 19 անձից հետազոտման և նույնականացման համար ստացվել են նմուշներ, դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ստացվել են հեռախոսային զանգերի վերծանումներ, պահանջվել են բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որոշումներ են կայացվել 25 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց առաջադրվել են մեղադրանքներ, 23-ի վերաբերյալ դատարաններից ստացվել են կալանավորման թույլտվություններ:

 

Նախաքննության ընթացքում ձեռք բերված սկզբնական փաստական տվյալների համաձայն՝ կոտրվել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը և հափշտակվել է դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, պարզվել է, որ ՊՊԾ գնդի հարակից տարածքում հրկիզվել է 5 ավտոմեքենա, ևս 16 ավտոմեքենա վնասվել է գնդի տարածքում: Ձեռնարկվում են դատավարական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ ոստիկանության երեք ծառայողների՝ Ա. Վանոյանի, Յու. Տեփանոսյանի և Գ.Մկրտչյանի սպ անության, ինչպես նաև մյուս անձանց հրազենային կամ այլ վնասվածքներ պատճառելու հանգամանքները պարզելու համար: Նախաքննության հետագա ընթացքի և նոր արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: