Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 46-ամյա Համլետ Այվազյանն իր վարած Mercedes Benz C 500 T100CC56 RՍՏ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել է ավտոմայրուղու լայնքով որպես ժամանակավորապես արգելապատնեշ ծառայող ավազակույտին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

 

Այնուհետև ավտոմեքենան բախվել է բետոնե սյուներին, իսկ հետո՝ շինարարական աշխատանքների համար նախատեսված երկաթյա հարթակին, որից հետո մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել։

 

Վթարի հետևանքով վարորդ Հ. Այվազյանը և ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Ռոզա Թումանյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ ՌԴ քաղաքացի, 3-ամյա Արամ Այվազյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից ավելի ուշ կայքին հայտնել են, որ ընտանիքի անդամները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։