Արցախի սահմանի Մարտակերտի ուղղությամբ՝ փետրվարի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1988թ. ծնված Կորյուն Կիրակոսյանը: Զինծառայողը երեկ Արցախից տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը տեղեկացրեց, որ զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Զինվորի մոտ գլխի հրազենային թափանցող վիրավորում է: Վիճակը շատ ծանր է: Գիշերը կրկնակի վիրահատության է ենթարկվել: Այս պահին էլ ծանր վիճակում է»,- ասաց Ասատուրյանը:
Նշենք, որ հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Գուրգեն Սարգսյանը ևս գտնվում է Մուրացանի հոսպիտալում: Նրա վիճակը ևս ծայրահեղ ծանր է:
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 8-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը: Վերջինս Մարտակերտից էր: 20 տարի ծառայել է Զինված ուժերում: Անցած տարի վիրավորում էր ստացել, սակայն ապաքինվելուց հետո կրկին վերադարձել էր ծառայության: Գեղամ Մանուկյանը շփման գծի վտանգավորության բարձր աստիճան ունեցող հատվածներից մեկում մարտական բարդ խնդիր է լուծել. հակադիվերսիոն անվտանգության բարձրացմանն ուղղված կարևոր առաքելություն:
Քրիստինա Աղալարյան