Օրեր առաջ Մասիս քաղաքից այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջնակի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Հովհաննես Ասլանյանը։
«Երեխան համալիր վերակենդանացման միջոցառումների միջոցով բուժում է ստանում։ Նա դեղորայքային քնի մեջ է, արհեստական շնչառության տակ է։ Ի սկզբանե այրվել էր մարմնի 40 %-ը, հիմա փոքր-ինչ պակասել է առաջին օրվա համեմատ, այժմ 31 % է։ Ունի նաև խորը շնչուղիների այրվածք»,- նշեց նա։
Տարածված ինֆորմացիան, թե երեխայի հարազատները չեն այցելում նրան, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրենի տեղակալը սուտ որակեց․ «Երեխան հիվանդանոց է ընդունվել մոր ուղեկցությամբ, կես ժամվա ընթացքում հասել են նաև հայրը և եղբայրը։ Մեր կենտրոնից նրանք չեն բացակայում, ամբողջ ընթացքում այստեղ են։ Բարոյական մարդիկ են, ինֆորմացիան ֆեյք է»,- նշեց նա։
Նշենք նաև, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` նախարարի խորհրդականներն այցելել են այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա երեխային տեսության:
«Առաջին պահից հիվանդը գտնվել է արհեստական շնչառության տակ: Բժիշկներն անում են ամեն բան, որպեսզի շնչառությունը պահվի և կյանքին վտանգ չսպառնա:
Ինչ վերաբերվում է նրան, թե հարազատները չեն այցելել, պետք է նշել, որ նախարարության ներկայացուցչները հանդիպել են հիվանդի եղբորը, որը պարբերաբար այցելում է նրան: Վաղն արդեն անհրաժեշտ է լինելու ներարկել արյուն, պլազմա եւ սննդային մասսա, որը կապահովի Առողջապահության նախարարությունը»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:
Նշենք, որ մարտի 23-ի երեկոյան «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Ն.Մ.-ն (ծնված 2007թ.), ով այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն»: Իսկ RAF մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Ըստ shamshyan.com-ի՝ 12-ամյա աղջիկը եղբոր հետ ապրում էր «ՌԱՖ» ավտոմեքենայում։ Նրանք մշտական բնակության վայր չունեն։
Սոնա Հարությունյան