Վերնագրում արտահայտված հարցրադրումն ամենևին էլ հռետորական չէ և որոշակի պատասխան է ենթադրում: Գիտեմ նաև, որ հարցի պատասխանը խիստ սուբյեկտիվ է լինելու՝ պայմանավորված քաղաքական կոնյուկտուրայով:

 

Օրինակ Հայաստանի իշխանությունների և նրանց համակիրների համար քաղբանտարկյալներ չկան ու բոլոր այն մարդիկ, ովքեր կալանավորված են, որոշակի խնդիրներ ունեն քրեական օրենսգրքի հետ:

 

Ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները, բնականաբար, այլ տեսակետ ունեն:

 

Նրանց համար քաղբանտարկյալ են բոլոր այն մարդիկ, ովքեր հակադրվում են Սերժ Սարգսյանի իշխանությանը, անկախ այն հանգամանքից, օրենք խախտել են, թե՝ ոչ:


Շահեն Հարությունյանը՝ նոյեմբերի 5-ի գործով վեց տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի 17-ամյա որդին, բնականաբար, կարծում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, և երեկվանից Ազատության հրապարակում միայնակ հացադուլ է անում՝ նրանց ազատ արձակելու պահանջով:


Շահենի հացադուլն ավելի շուտ բարոյական ակցիա է և հազիվ թե ազդի մարդկանց բանտում պահելու կամ ազատ արձակելու իշխանությունների դիրքորոշումների վրա:

 

Մյուս կողմից, քաղաքական իմաստով անհեռանկար այս ծայրահեղ քայլը, կարող է վտանգել հենց Շահենի ազատությունը:


Նա նույն նոյեմբերի 5-ի գործով դատապարտվել է պայմանական ազատազրկման, մի քանի անգամ նախազգուշացվել է իշխանությունների կողմից, իսկ արդեն երեկ ծանուցագիր է ստացել ՔԿՀ վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնից:

 

Շահենի պապը, հայրը քաղբանտարկյալ են եղել դեռ խորհրդային տարիներին, և թերևս, ընտանեկան հանգամանքների բերումով, նա գիտի, թե ինչ է թաքնված այդ կարգավիճակի տակ:

 

Բայց վստահ եմ, Շահենը հստակ չի կարող պատասխանել, թե հիմա տարբեր գործերով կալանավորված ու անազատության մեջ գտնվեղ տասնյակ մարդկանցից հատկապես ովքեր և ինչու են քաղբանտարկյալ:


Անձամբ ես կարծում եմ, որ այս հարցում հարկ է դուրս գալ «սև-սպիտակի» պարզունակ սխեմայից և փորձել գտնել օբյեկտիվ պատասխան:

 

Իմ անձնական կարծիքով, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը կամ Անդրիաս Ղուկասյանը ոչ թե զանգվածային անկարգություններ են կազմակերպել, ինչի համար մեղադրվում են, այլ ընդամենը համակարգել են քաղաքական ակցիաներ:


Ըստ այդմ, նրանք քաղկալանավորներ են և գոնե լավ է, որ նրանցից Արմեն Մարտիրոսյանը երեկ ազատ արձակվեց, իհարկե ոչ թե վիճահարույց քրգործը կարճելու, այլ վերաքննիչ դատարանի կողմից՝ գրավ կիրառելու հետևանքով:

 

«Սասնա Ծռեր խմբի» անդամները նույնպես քաղաքական պահանջներ են հնչեցրել և հնչեցնում, սակայն ես նրանց քաղկալանավոր համարել չեմ կարող, որովհետև քաղաքականությունը համարում եմ վերջացած այնտեղ, որտեղ կրակոց է հնչում:


Մյուս կողմից արդարացված չեմ համարում, որ ազատությունից պետք է զրկել այլ տասնյակ մարդկանց, թերևս միայն այն բանի համար, որ հրապարակավ զորակցել են «Սասնա Ծռերին»:


Եթե առկա են զինված խմբին աջակցելու կոնկրետ գործողություններ, այլ հարց է: Եթե դրանք չկան, ապա մարդկանց չի կարելի ճաղերի ետևում պահել՝ քաղաքական թեկուզ և սխալ դիրքորոշում ունենալու համար:

 

Նույն Շանթ Հարությունյանը և նրա ընկերները ընտրեցին գործունեության, ըստ իս, սխալ մարտավարություն, բայց նրանք բանտերում են, իրենց քաղաքական գործունեության և հայացքների համար: Նույնը չեմ կարող ասել անցած տարեվերջին Նորք Մարաշում վնասազերծված խմբի անդամների մասին:

 

Հասարակությունը տեղյակ չէ այդ մարդկանց քաղաքական հայացքների ու ծրագրերի մասին, միայն գիտի, որ նրանք ինչ-որ դավադրություն էին ծրագրել:

 

Քաղբանտարկյալների ու նրանց ազատության թեման հարկ է զգուշությամբ արծարծել,որպեսզի թացը չխառնվի չորի հետ, ու հասարակությունը կարողանա օգնել մարդկանց, ովքեր ճաղերի ետևում են իրապես քաղաքական դրդապատճառներով:

 

Սարգիս Հակոբյան