Այսօր` մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և ՀԽՍՀ ԳԽ նախկին պագամավոր Ազատ Արշակյանը խոսեցին Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին:
Թե՛ Իշխանյանը, թե՛ Արշակյանը, վարչապետի՝ «Հայաստանում կան քաղբանտարկյալներ» արտահայտությունը համարում են հրահանգի ենթատեքստ, և կարծում՝ այն պետք է բավարար լինի, որ դատական համակարգը ձեռնամուխ լինի խնդրի լուծման գործընթացի մեկնարկին:
Ազատ Արշակյանն անհեթեթ է համարում ժողովրդավարական երկրում քաղբանտարկյալ երևույթի գոյությունը. «Խնդիրը պետք է լուծվի արդարացման ճանապարհով: Իսկ այն բանտարկյալները, ովքեր քաղաքական չեն համարվում, բայց որոնց գործունեության մեջ կա քաղաքական երանգ՝ նրանց նկատմամբ պետք է ցուցաբերել մարդասիրական վերաբերմունք՝ մեղմացուցիչ հանգամանքներ, համաներումներ, որոշակի զիջումներ»,- ասաց նա:
Ավետիք Իշխանյանն էլ հավելեց, որ որևէ պետություն չի ընդունում, թե ունի քաղբանտարկյալներ, մինչդեռ Հայաստանն առաջին երկիրն է, որն այսօր բացահայտ խոսում է այս մասին:
Ավետիք Իշխանյանը քաղբանտարկյալներին բաժանեց երկու խմբի: Առաջին խմբում տեսնում է «խղճի բանտարկյալներին», որոնց թվում առանձնացրեց ժիրայր Սելֆինյանին, Գևորգ Սաֆարյանին, Սամվել Բաբայանին, Կարո Եղնուկյանին, Հայկ Կյուրեղյանին՝ նշելով, որ նրանց անհապաղ պետք է ներում շնորհվի: Մյուս խմբում «Սասնա Ծռերն են», որոնց նույնպես Իշխանյանը հնարավոր է համարում անվանել քաղբանտարկյալ, բայց այլ հարց է տեսնում այստեղ. «Նրանց պետք է ոչ թե արդարացնել, այլ ինչ-որ ձևով ազատել, իսկ ոստիկանների մահվան մեջ մեղադրվողների գործում պետք է անպայման լինի դատավարություն՝ հանգամանքների բացահայտումով և համապատասխան պատժով»,- ասաց նա:
Խնդրի լուծման առումով Ավետիք Իշխանյանն անդրադարձ կատարեց դատաիրավական համակարգին. «ինձ շատ հիասթափեցրեց Գլխավոր դատախազի խոսքը, կարծում եմ՝ նա շարժվում է նախկին իշխանությունների հետքերով: Ճիշտ կլիներ, որ նա հրաժական տար. ցանկալի է, որ նա գնա ու անաչառ մեկը գա»,- ավելացրեց իրավապաշտպանը:
Բանախոսները քաղբանտարկյալների հարցի լուծումը լիովին հնարավոր են համարում, համակարծիք են, որ համապատասխան միջոցառումների և համալիր աշխատանքի միջոցով հնարավոր է հասնել ճիշտ հանգուցալուծման:
Լիլիթ Հակոբյան