Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անդրադարձ էր կատարել 66 կգ քաշային հունահռոմեական ոճի եզրափակիչ՝ Միհրան Հարությունյան-Դավոր Շտեֆանեկ գոտեմարտին, որը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դարձել։

 

Այս առնչությամբ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով նշեց հետևյալը.

 

«Ինչպես ողջ միջազգային հանրության, համաշխարհային հեղինակավոր սպորտային լրատվամիջոցների, այնպես էլ ՀԱՕԿ և անձամբ Գագիկ Ծառուկյանի համար Միհրան Հարությունյանն Օլիմպիական խաղերի հաղթող է և ոսկե մեդալակիր։ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ Միհրանին Հայաստանում պաշտոնապես դիմավորելու և պարգևատրելու են հենց որպես ոսկե մեդալակրի։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի համար Միհրանը ոսկե մեդալակիր է և արժանանալու է ոսկե մեդալ նվաճած մարզիկին վայել ընդունելության և պարգևատրման»։ 

 

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյան-Դավոր Շտեֆանեկ գոտեմարտի ընթացքում, չնայած Միհրանի մեծ ակտիվությանը, մրցավարը 1:0 հաշվի ժամանակ նրա մոտ պասիվություն արձանագրեց և 1 միավոր նվիրեց սերբ մարզիկին։ Ի դեպ՝ Ըմբշամարտի համաշխարհային միության նախագահ Նենադ Լալովիչը ևս ազգությամբ սերբ է։ Գոտեմարտն ավարտվեց 1:1 հաշվով, սակայն հաղթանակը շնորհվեց սերբին, քանի որ նա վերջինն էր միավոր «վաստակել»: