Բոլորովին վերջերս՝ հուլիսի 15-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակալի բարեգործական գործունեության համար Սառա Մանթաշի Եսայանը պարգևատրվեց Հայաստանի հանրապետության նախագահի Երախտագիտության մեդալով: Դրանից օրեր անց՝ հուլիսի 29-ին, լրացավ Սառա Եսայանի 70 ամյակը: Հենց այս իրողությունն էլ առիթ հանդիսացավ անդրադառնալու Եսայան ազգանվանը՝ բարեգործության առումով՝ մի փոքր ավելի հեռվից սկսելով:

Հայերի մոտ բարերար հասկացությունը վերջին երկու տասնամյակում հիմնականում ասոցացվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս կայացած այն մարդկանց անվան հետ, որոնք ինչ-որ պահից սկսած գիտակցել են հայրենիքի կարևորությունն ու իրենց ունեցած կարողությունից բաժին են հանել նաև հայրենիքի համար: Մեզ հայտնի բարերարները ապրել ու արարել են հայրենիքից դուրս, հետո նրանք մեզ ճանաչելի են դարձել, երբ հայրենիքում որոշվել է փողոց կամ հանրային նշանակության որևէ հաստատություն անվանակոչել վերջիններիս անուններով:

Վերջին տարիներին, սակայն, հայ իրականության պատկերացումները որոշակի փոփոխվեցին. բարերության նոր չափանիշներ ու սկզբունքներ ճանաչելի դարձան: Բարերարի համարում ստացան այն մարդիկ, որոնք հարստանալուց հետո սկսեցին հայացք նետել սոցիալական խոսցելի խավերի ուղղությամբ, դեպի այն շրջանակները, որոնք հայտնի պառճառներով հայտնվել էին բնականոն զարգացման ուղեծրից դուրս: Այս իմաստով բարեգործության ու բարերարության մասին հայաստանցիների պատկերացումները փոխվեցին: Բարեգործներ դարձան Հայաստանի օլիգարխներն ու բիզնեսմենները, բարերարները' հայրենիքից դուրս ապրողները: Մինչդեռ ժամանակակից բառարաններում բարերար ու բարեգործ համարվում են նրանք, որոնք բարի ու արժանապատիվ գործերի շնորհիվ տվյալ ժամանակաշրջանում լուծել են սոցիալական, հոգևոր-արժեքային զանազան խնդիրներ, իսկ հետո մնացել են պատմության մեջ որպես անհատներ, որոնք փորձել են փոխել աշխարհը' այն մի փոքր ավելի լավը դարձնելու ազնիվ մղումով:

Հայաստանում տեղացի բարեգործների ու դրսի բարերարների կողքին ապրում են արժանապատիվ մարդիկ, որոնց համար բարերար լինելը ոչ թե կոչում է, այլ կենսակերպ, բնականոն իրողություն, որտեղ ներդաշնակվում են կարևոր արժեքներ: Խոսքը վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների մասին է, մարդիկ, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում բարին են արարել ու այդ բարությունն ու համբերությունը դարձել է այս մարդկանց արարելու հիմնական ուղենիշը: Կառլեն ու Սառա Եսայանների բարերարության մասին մեր ժամանակակիցներից շատերը չգիտեն էլ, որովհետև այն, ինչ արել են ամուսինները, արել են բացառիկ համեստությամբ, առանց աղմուկի և շնորհակալական բարձրագոչ կոչերի: Կառլեն ու Սառա Եսայանները մասնագիտությամբ բժիշկներ են: Ունեն բազմաթիվ կոչումներ ու պարգևներ: Անթիվ բարեգործությունների ու արժեքավոր նախաձեռնությունների հեղինակներ են ամուսինները: Դրանց դեռ կանդրադառնանք, հիմա ավելի որոշակի' տիկին Սառա Եսայանի մասին:

ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Մանթաշի Եսայանը ծնվել է 1946 թ. ԼՂԻՄ Մարտակերտ ավանում: 1964-1970 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: Բուհն ավարտելուց անմիջապես հետո' 1970 թվականից սկսել է տիկնոջ գործունեությունը, որը շարունակվում է առ այսօր: Այս տարիների ընթացքում Սառա Եսայանն աշխատել է տարբեր բժշկական հաստատություններում: Այստեղ, թերևս, կառանձնացնենք թիվ 14 պոլիկլինիկան, որտեղ տիկին Եսայանն աշխատել է տասնամյակներ շարունակ' որպես բժիշկ-ռևմատոլոգ: Պոլիկլինիկան տարիներ առաջ վերակազմավորվել և միացել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Ըստ այդմ' տիկին Եսայանի աշխատավայրը 2006 թվականից առ այսօր «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնն է, որտեղ նա աշխատում է որպես բժիշկ-ռևմատոլոգ: Բացի այս, տիկին Եսայանը տիրապետում է արևելյան բուժման (չինական և կորեական) մասնագիտություններին: Խորհրդային միության առողջապահության գերազանցիկ է, բարձր կարգի մասնագետ: 1978-1984թթ. մասնակցել է Մոսկվայում, Վիլնյուսում կայացած ռևամոտոլոգների միջազգային համագումարներին՝ որպես պատգամավոր: 2010 թվականից հանդիսանում է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:

Ոլորտում երկարամյա ներկայության, բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկային բարձր բարոյական չափանիշների արտացոլումն է պարգևների այն ցանկը, որն իր համես տեղն է գտել Եսայանի կենսագրությունում:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

• 24.05.2010 թ. ՀՀ Նախագահի ՆՀ 108-Ա հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում,

• 15.07.2016 թ. ՀՀ Նախագահի ՆՀ-509-Ա հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով,

• 2015 թ. դեկտեմբերի 16-ին ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ մեդալով»,

• 2010 թ. ՀՀ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով,

• 2010 թ. Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով,

• 2010 թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի կողմից ստացել է «Լավագույն բժիշկ» պատվոգիր,

• 2012 թ. «Փառապանծ մարտիկ» հայրենասիրական միության կողմից ստացել է «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալը,

• 2013 թ. Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից պարգևատրվել է Մանթաշևի անվան ոսկյա շքանշանով,

• 2014 թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացել է Ոսկե մեդալ,

• 2015 թ. ստացել է ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ,

• 2015 թ. պարգևատրվել է Երևան քաղաքի քաղաքապետի Ոսկե մեդալով,

• 2015 թ. պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով,

• ԼՂՀ «Մայրություն» ՀԿ նախագահի կողմից պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով,

• 2016 թ. ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերան «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» կողմից պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց Մեծն Տիգրան» շքանշանով,

• 2016 թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ կողմից ստացել է պատվոգիր «Առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համար»:

Տիկին Եսայանին իր մասնագիտական գործունեության ընթացքում ու առհասարակ, ամբողջ կյանքում, ուղեկցել է նրա ամուսինը' ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը: Ամուսինները միասին են աշխատել, միասին են արարել ու միասին էլ փորձել են փոխել աշխարհը' մի քիչ այն ավելի լավը դարձնելու ազնիվ մղումով: Մեր հայրենիքի համար այս դժվարին օրերին հատկապես արժևորվում են Լեռնային Ղարաբաղում իրականացված ամուսինների այն նախաձեռնությունները, որոնց արդյունքում Մարտակերտի շրջանի բնակավայրերից մեկը ոչ միայն չի հայաթափվել, այլ դարձել է ամենածաղկուն ու զարգացող համայքներից մեկը, որտեղ այսօր էլ' պատերազմական այս օրերին, անընդհատ ընտանիքներ են ձևավորվոմ ու ծնվում են երեխաներ: Սա, իհարկե, եզակի դրվագ չէ Եսայանների բարեգործության հարթակում: Ինքներդ էլ կարող եք համոզվել.

ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացրել են լայնածավալ բարեգործական գործունեություն, մասնավորապես.

• Կառլեն և Սառա Եսայանների կողմից Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում կառուցվել է Հայրենական պատերազմում և Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը,

• 2004-2011 թթ. ընթացքում գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար Եսայանները կատարել են 1000 դոլար նվիրաբերում,

• Մարտակերտի ազատագրման կապակցությամբ Եսայան ամուսինները տեղադրել են Հաղթական արծվի արձանը,

• Մեծ Շենում Եսայանների ընտանիքի աջակցությամբ կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին' շրջապատված խաչքարերի պուրակով,

• 2011 թ. Եսայանների ջանքերով ավարտվել է Մեծ Շենի գյուղապետարանի շենքը' ամբողջությամբ կահավորված, ինչպես նաև շենքի հարակից պուրակը' արձանախմբերով (Ֆիդայու, Պըլը Պուղու և արմատները խորհրդանշող «Պապիկ-տատիկի և թոռան» արձանը, Հայաստան-Արցախ միասնության խորհրդանիշ հանդիսացող Բռունցքի արձանը): Կառուցվել է գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, գյուղի հանդիսությունների սրահը, վերակառուցվել է դպրոցը' հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով: Ի նշան երախտագիտության' դպրոցն անվանակոչվել է Կառլեն Եսայանի անունով,

• Կառլեն և Սառա Եսայանների անունից Արցախի Մեծ Շեն գյուղում կառուցվում է մշակույթի տուն և երիցատուն' իրենց իսկ կառուցած եկեղեցու մշտական գործունեությունն ապահովելու նպատակով: Աշխատանքները կավարտվեն 2016 թվականին:

• Եսայան ամուսինների կողմից կառուցվել և Մեծ Շենի համայնքին են նվիրաբերվել մակարոնեղենի և քարի արտադրության արտադրամասեր,

• Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ Մարտակերտի շրջկենտրոնում կառուցվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանին և Վլադիմիր Բալայանին նվիրված հուշարձան-պանթեոնները,

• Կառլեն և Սառա Եսայանների ջանքերով 2014 թ. կառուցվել է Մարտակերտի շրջկենտրոնի հյուրանոցը,

• 2016 թ. Արցածի Մեծ Շեն գյուղին նվիրաբերել են ԳԱԶ 32213 միկրոավտոբուս,

• Եսայանների հովանավորությամբ Արագածոտնի մարզում Տառ-քարերի մոտ տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի, Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Լուսավորչի արձանները,

• 2013 թ. Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ Երևանում Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվել է ՀՀ նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին,

• Կառլեն և Սառա Եսայանները առաջին նվիրատուներն են, որոնք զգալի ավանդ են ունեցել հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի' Երևանում կառուցվող տուն-թանգարանի աշխատանքների իրականացմանը,

• Վաստակավոր բժիշկների նախաձեռնությամբ Երևանում կառուցվել և ամբողջությամբ կահավորվել է Ֆ.Նանսենի թանգարանի շենքը, որտեղ տեղադրվել է նաև Նանսենի հսկա արձանը: Կողքին կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին' իր երիցատնով, սրբաքանդակ կոթողներով' Գրիգոր Լուսավորչի արձանը, Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված հուշարձան-կոթողը, զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը, 1988 թ. ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, Վարդան Մամիկոնյանի արձանը, Արցախը խորհրդանշող «Պապիկ-տատիկի» արձանը, Մեսրոպ Մաշտոցի և Հակոբ Մեղապարտի, ինչպես նաև Առաջին տպագիր Գրքի արձանները, Լրագրողի բրոնզե արձանը, որը խորհրդանշում է անվախ, անկաշառ ու հայրենիքին նվիրյալի կերպարը: Այն մարմնավորում է ազատ խոսքի կրողների իրական պատմությունը' սկսած 1980 թվականների հայտնի իրադարձություններից: Այս շարքում է նաև հայ ազգի բարեկամ Ջորջ Գորդոն Բայրոնի արձանը, ինչպես նաև Գեւորգ Մշեցու, «Նանսենի անձնագրի» հուշարձանը:

• 2014 թ. Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եղեկեցում Կառլեն և Սառա Եսայանների կողմից տեղադրվել է խաչքար,

• 2015 թ. ամուսինները Սուրբ Զորավոր եկեղեցու բակում տեղադրել են աղբյուր-խաչքար հուշարձանը' նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին,

• 2015 թ. Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակի մատուռի դիմաց Եսայանների նախաձեռնությամբ տեղադրվել է թևավոր խաչքար,

• 2015 թ. Սուրբ Հովհաննես եկեղեցու կենտրոնական մուտքի ձախ և աջ կողմերում Եսայանները տեղադրել են Ջուղայի զույգ խաչքարերի կրկնօրինակները,

• Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղադրվել է խաչքար դարձյալ ամուսինների նախաձեռնությամբ,

• 2015 թ. Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ լույս է տեսել Արկադի Ասրյանի «Հայաստանի հերոսներ» գիրքը, որտեղ ներկայացված են հայ ժողովրդի այն հերոսները, որոնք գործել են մարտական և աշխատանքային սխրանքներ ու աշխարհի շատ երկրներում դարձել են հերոսության հավերժական օրինակ,

• 2016 թ. Կառլեն և Սառա Եսայանների անունից Երևանի Հաղթանակի զբոսայգում տեղադրվել է Ղարաբաղյան ազատագրման և Աֆղանական պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին նվիրված խաչքար,

• 2016 թ. բարերարների հովանավորությամբ՝ Հայաստանի փաստաբանների պալատի շենքի պատին տեղադրվել է Ղուկաս Չուբարյանի գործերից' Մխիթար Գոշի դիմաքանդակը,

• 2016 թ. Էջմիածին քաղաքում' Էջմիածնի 2701 թվականի կապակցությամբ, բարերաներ Կառլեն և Սառա Եսայանների կողմից տեղադրվել է Տիգրան Մեծի արձանը,

• Կառլեն և Սառա Եսայանների անունից ամբողջությամբ վերակառուցվում և կահավորվում է Երևանի «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ շենքը, որը հանդիսանում է Երևան քաղաքի սեփականությունը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: