ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ, Սերժ Սարգսյանի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը եւս չի մանրամասնել՝ տեղյա՞կ է ինքը Սերժ Սարգսյանն-Րաֆֆի Հովհաննիսյան այսօրվա հանդիպման մանրամասներին: Այս մասին գրել է aravot.am-ը։

Հովիկ Աբրահամյանը հավանական չի համարել 2008թվականի հետընտրական դեպքերի կրկնությունը՝ համոզմունք հայտնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նման ցանկություն չունի: «Ընտրություններն անցել են շատ լավ, այս ընտրությունները խորհրդարանական ընտրություններից մեկ քայլ առաջ էին: Որեւէ կոնկրետ դժգոհություն չկա, որ որեւէ ընտրատարածքում, ընտրատեղամասում եղել են լցոնումներ, խախտումներ: Եղել են երեք տեղամասի վերաբերյալ դիմումներ, բոլոր տեղամասերը բացվել են եւ ընդամենը մի քանի քվեաթերթիկի տարբերություն է եղել: Եթե լինեին լուրջ խախտումներ, անպայման իրենց վստահված անձիք, հանձնաժողովի անդամները կբողոքարկեին, դա հաշվի կառնվեր ԿԸՀ-ի կողմից եւ վերհաշվարկ կլիներ»,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: Անրադառնալով խոսակցություններին, որ իշխանությունների կողմից տարբեր պաշտոններ են առաջարկվել Րաֆֆի Հովհաննիսյանին, նա ասել է, որ նման խոսակցություն անգամ չի եղել, ավելին՝ ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ պաշտոն չի ուզել: Լրագրողները նաեւ հետաքրքրվել են' տեղյա՞կ է ԱԺ նախագահը, թե ինչու իր խնամի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, լինելով Հայաստանում, չի մասնակցել նախագահական ընտրություններին: Հովիկ Աբրահամյանն ասել է. «Ես, որեւէ մեկի կամքի վրա չեմ ցանկանում ճնշում գործադրել կամ մտածել, ինչու չի եկել կամ ինչու պետք է գար»: Աժ նախագահը նաեւ ասել է, որ ՀՀԿ-ն լուրջ ռեֆորմներ է իրականացնելու' եւ կադրային, եւ բովանդակային փոփոխություններ են լինելու: