Ինչքան էլ որ մեծ է հասարակության դժգոհությունը Սերժ Սարգսյանի կառավարման հնգամյակից, և ընդհանրապես Հայաստանի իշխանական համակարգից, մի բան ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը նախագահական երկրորդ ժամկետին ընդառաջ ուներ հիանալի լճացած վիճակ, որպեսզի կարողանար ընդդիմությունից հասարակության որոշակի հիասթափվածության ֆոնին ապահովել իր համեմատաբար հանգիստ վերանշանակումը նախագահի պաշտոնում: Այդ խնդիրը լուծելու համար պարզապես պետք էր գրագետ ու կազմակերպված նախընտրական արշավ: Սակայն, այս ամենի փոխարեն Սերժ Սարգսյանը ստացավ զավեշտի ու խայտառակության տարատեսակ պահերով հագեցած նախընտրական արշավ, կամ նրա համար պարզապես ապահովեցին այդ արշավը:
Նախագահական ընտրություններից հետո հայտարարվել են մի քանի հրաժարականներ, սակայն գլխավոր հրաժարականը չկա: Իսկ տրամաբանությունը հուշում է, որ գլխավորը պետք է լիներ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի հրաժարականը, որովհետև եթե անգամ նման «իդեալականին» մոտ պայմաններում Սերժ Սարգսյանի ընտրություններն ավարտվում են քաղաքական մեծ ճգնաժամով և համաժողովրդական ընդվզման ալիքով, ապա պարզ է, որ նախընտրական արշավը տապալվել է, և տապալվել է այն դեպքում, երբ կային այնպիսի նախնական պայմաններ, որ տապալելու համար պարզապես հատուկ ցանկություն էր պետք: Եվ եթե նման իրավիճակում առկա է տապալում, գլխավոր հրաժարական տվողը պետք է ոչ թե այս կամ այն քաղաքապետը լիներ, այլ ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ով ի պաշտոնե պատասխանատու էր ամբողջ արշավի համար:
Իհարկե, շատ-շատերը չեն համաձայնի և կասեն, որ գլխավոր հրաժարականը Սերժ Սարգսյանի հրաժարականը պետք է լիներ: Եվ, իհարկե, այդ պնդման հետ չհամաձայնելը, մեղմ ասած, դժվար է, բայց տվյալ պարագայում խոսքը նաև այն մասին է, որ ներիշխանական տրամաբանության շրջանակում անգամ, որտեղ Սերժ Սարգսյանի հրաժարականը գլխավոր չի դիտվում, գլխավորը պետք է լիներ առնվազն նրա շտաբի պետի հրաժարականը, որովհետև նա տապալել է մի բան, որը առանց հատուկ դիտավորության ուղղակի հնարավոր չէր անել: Սրանում համոզվելու համար բավական է դիտարկել քվեարկության լոկալ արդյունքներ տարբեր ընտրատարածքներում:
Սա չի նսեմացնում ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի արդյունավետությունն ու էֆեկտը: Եվ ոչ էլ հասարակության դժգոհությամբ լեցուն ինքնագիտակցությունը և անգամ արդեն ենթագիտակցական մակարդակի դժգոհությունն է թերագնահատվում որպես գործոն: Բայց, օրինակ, նույն խորհրդարանի բավական լարված ընտրություններում այդ ամենը, կարծես թե, այնքան էլ դեր չխաղացին, մինչդեռ տարբերությունը մի քանի ամիս էր, և դժգոհությունը պակաս չէր: Այնպես որ, այդ գործոններն իրենց նշանակությամբ հանդերձ, չէին հանգեցնի ներկայիս իրավիճակին, եթե Սերժ Սարգսյանի ընտրարշավը չտապալվեր կազմակերպչական «ամենաբարձր» մակարդակով և հանրապետությունում ստեղծված վիճակի համեմատ ունենար ադեկվատության գոնե փոքր նշույլներ:
Սակայն հարցն այլևս, իհարկե, հետընտրական ադեկվատությունն է, որի առաջին ինդիկատորներից մեկը գլխավոր հրաժարականի խնդիրն է, սակայն ոչ ինքնին որպես առանձին լուծում, այլ որպես իշխանական համակարգում ամբողջական գործընթացի մեկնակետ, որը կարող է բերել իրական, ոչ իմիտացիոն փոփոխությունների՝ հաշվի առնելով հասարակական պահանջներն ու իշխանությանը զերծ պահելով հետագա էսկալացիայի համար պատասխանատվությունից, որը նման իրավիճակներում բացարձակապես իշխանությունների պատասխանատվություն է պետության առաջ: