Մեր տեղեկություններով՝ հենց այս պահին Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանին պատկանող «Յանս» երաժշտական ակումբը «փակված է». այնտեղ ընթանում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դստեր ծննդյան արարողությունը: Խաչատրյանը դստեր տարեդարձն ինչպես հարկն է նշելու համար որոշել է գումար չխնայել: Միայն 7500 դոլար գումար տրվել է ակումբի «փակման» համար. Խաչատրյան Գագոն հո չէ՞ր կարող հանդուրժել, որ իր ընտանիքի անդամի խնջույքին հանկարծ ու օտար մարդիկ էլ որոշեն մտնել «Սերժի Վաչոյի» ջազ ակումբը: Իսկ թե ընդհանուր հաշվով մոտավորապես որքան գումար ստիպված կլինի ծախսել մեր պետական պաշտոնյան դստեր ծննդյան արարողության վրա, ասելը մի փոքր դժվար է. ամեն ինչ կախված է պատվիրված սեղանից և հարակից մյուս շռայլություններից՝ երաժշտական պատվերներ և այլն, սակայն նման հարցերը մեր պաշտոնյաների համար, ինչպես հայտնի է, ընդամենը մանրուքներ են, որոնց վրա նրանք առանձնապես չեն էլ մանրանում: 7500 դոլարով երաժշտական ակումբ փակող Խաչատրյան Գագոյին, բնական է, որ նման հաշիվները նույնիսկ չեն էլ հետաքրքրի:
Ճիշտ է, ՊԵԿ նախագահի կողմից փակվող հաշիվներն ու մյուս ծախսերը, երևի թե, ավելի շատ հետաքրքեն մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, որոնց նկատմամբ այս էլ որերորդ տարին հարկայինն ու մաքսայինը «խաչակրաց պատերազմ» են հայտարարել և ամեն ինչ անում են, որ այդ բիզնեսի ներկայացուցիչները անգամ սովորական ծախսերը չկարողանան հոգալ, ուր մնաց թե փող ունենան դուստրերի ու ուստրերի ծննդյան շքեղ արարողություններ կազմակերպելու համար, սակայն դա ևս Խաչատրյան Գագոյին առանձնապես չի էլ կարող մտահոգել կամ հետաքրքել, որովհետև Փոքր ու Միջին ձեռնարկատերերի հետաքրքրասիրությունից, առավել ևս՝ նրանց մտահորիզոնի՝ նման ուղղվածության հարստացումից, միևնույն է, ոչինչ չի փոխվի. Խաչատրյան Գագոն ո՛չ հաշիվներ փակելու հարցում դժվարություններ կունենա երբևէ, ո՛չ էլ փոքր ու միջին բիզնեսի «հերն անիծելու» գործում վերջինիս եռանդը կարող է պակասել: Հետո էլ մեր տնտեսվարողները վրդովվում են ու զարմանում, թե ինչո՞ւ, ինչպե՞ս կարելի էր ՀԴՄ կտրոն չխփելու համար տուգանքը դարձնել 500 000 դրամ: Գնացե՛ք Խաչատրյան Գագոյի դստեր ծնունդին և կհասկանաք՝ ինչու: Ի՞նչ է՝ նման հաշիվները պետական պաշտոնյայի աշխատավարձո՞վ են փակվում:
Լուսինե Կեսոյան