Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարություն է տարածել հետևյալ բովանդակությամբ.
«Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ես ընդունում և հարգանքով եմ վերաբերում իմ կուսակցության կայացրած որոշմանը, այն է նախագահական ընտրություններում չառաջադրել նախագահի թեկնածու և չսատարել թեկնածուներից որևէ մեկին: Բայց միևնույն ժամանակ որպես անհատ և որպես քաղաքացի ես կայացրել եմ իմ անձնական որոշումը, այն է նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ինչի մասին ես բնականաբար նախապես տեղյակ եմ պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Իմ որոշումը ես կայացրել եմ հիմք ընդունելով Գյումրու նկատմամբ Սերժ Սարգսյանի ցուցաբերած հոգատարությունն ու կատարված հսկայական աշխատանքները: Ապագայում նախանշված բազմաթիվ ծրագրեր ևս կյանքի կկոչվեն, եթե նախագահ վերընտրվի Սերժ Սարգսյանը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Lurer.com–ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետի խոսնակ Զոհրապ Եգանյանը նշել էր, որ Սամվել Բալասանյանը հայտարարել է, որ սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին: