Գյուղատնտեսության նախարարությունում «Ատկատս գաղտնի թող մնա» հոդվածը բավական բուռն արձագանք ստացավ:
Նախարարությունում վրդովվել էին այն բանից, որ մենք կասկած էինք արտահայտել խորհրդատվական ծրագրերի համար տրամադրվող գումարների արդյունավետ ծախսման առումով: Նախարարությունում հատկապես վիրավորվել էին այն հանգամանքից, որ մենք մեջբերել էինք նաև ԲՀԿ խմբակցության հայտարարությունից մի հատված, որտեղ խոսվում էր գյուղատնտեսական խորհրդատվական ծրագրերի վրա 16,5 մլն դոլար ծախսելու վերաբերյալ: Քանի որ գյուղնախարար Սերգո Կարապետյանն արդեն մեկնել էր Բեռլին (ով էլ, ըստ էության, իր խուսափողական վարքով հրապարակման հիմք տվեց), բացատրություններ տալու ցանկություն հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Դատելով փոխնախարարի հավաստիացումներից՝ խորհրդատվական ծրագրերից ստացվող «ատկատներ» նախարարությունում կարծես թե չկան, «ատկատները», այս առումով, փոխնախարարը խորհուրդ տվեց ուրիշ տեղ փնտրել: Ինչևէ, թե որքանո՞վ են արդյունավետ նման ծրագրերը, որքանո՞վ արդյունավետ են ծախսվում դրանց համար տրամադրվող գումարները, թողնում ենք ընթերցողի դատին՝ ներկայացնելով փոխնախարար Պետրոսյանի հետ մեր զրույցը:
- Պարո՛ն Պետրոսյան, հիմա Դուք պնդում եք, թե Ձեզ մոտ «ատկատներ» չկա՞ն:
- Այո՛: Գյուղական խորհրդատվության հետ կապված, այսքան որ այս վերջին ամիսներին խոսակցություններ են գնում, կա թյուրըմբռնում: Կա ապատեղեկատվություն, որովհետև այն, ինչ որ խոսվում է՝ 16,5 մլն դոլար, դա «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրն է, «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի շրջանակներում իրենք խորհրդատվություն են իրականացրել ջրի կառավարման և բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, որը նախարարության հետ կապ չունի: Համապատասխան կառույցները ստեղծվել են, իրենց ծրագիրը մշակել են, դրսի փորձագետները հրավիրել են և իրականացրել:
- Դուք էլ, փաստորեն, առանձի՞ն խորհրդատվություն եք իրականացնում:
- Այո՛:
- ԲՀԿ-ի հայտարարությանը Դուք հերքում չունեք, հակադարձել կարող են «Հազարամյակի մարտահրավերնե՞ր»–ը, փաստորեն:
- Այո՛, եթե խոսում են 16,5 մլն դոլարի մասին ես մեկնաբանություն անել չեմ կարող, որպես գյուղատնտեսության փոխնախարար չեմ խորացել և ոչինչ ասել չեմ կարող, թե որքանով է արդյունավետ եղել:
- Այսինքն՝ ինչ-որ չափով կարո՞ղ ենք ասել, որ ԲՀԿ-ն իրավացի էր:
- Ես չեմ կարող ասել:
- Լավ, իսկ ձեր մասով, տարեկան որքա՞ն գումար է ծախսվում միայն խորհրդատվության վրա:
- Տեսե՛ք, Գյուղատնտեսության նախարարությունում դեռևս 90-ական թթ. վերջերին ստեղծվեցին ԳԱՄԿ-եր՝ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները, դա Համաշխարհային բանկի և կառավարության հետ համաձայնագրի արդյունքում: Բոլոր 10 մարզերում հիմա ունենք ԳԱՄԿ-եր և կա Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն՝ ԳԱՀԿ, որը Երևանում է նստում, որը ունի և՛ «Ագրոլրատու» թերթը, և՛ «Ագրոգիտություն» ամսագիրն է տպագրում, «Ագրո-TV» ծրագրով հաղորդումներ է պատրաստում: Բացի դրանից, նոր տեխնոլոգիաների ծրագրերն են ուսումնասիրում, քննարկում, նախարարության հետ հաստատում են՝ փոքր դրամաշնորհային ծրագրեր են՝ ասենք, 200, 300 հազար դրամի և համապատասխան գիտնականների, մասնագետների աջակցությամբ տեղերում արվում է: Եթե տեղերում խնդիր է ծագում, ունեն մասնագետների բանկ, գնում են և տեղերում խորհրդատվություն են անցկացնում: Նաև ԳԱՄԿ-երի մասնագետների պատրաստում են իրականացնում: Հիմա, տեսե՛ք, ես ասեցի, որ մարզերում ունենք ԳԱՄԿ-եր, որոնք ունեն խորհրդատուներ, որոնցից յուրաքանչյուրը միջինում սպասարկում է 9-10 գյուղական համայնք: Պատկերացրեք ինչքան մեծ ծավալ է դա և ստանում են 52 հազար դրամ աշխատավարձ: Որը, կներեք, այսօրվա պայմաններում, երբ մի 4-5 հազար դրամ էլ պահվում է սոցվճարներ եկամտահարկ, մնում է 47-48 հազար դրամ…
- Իսկ իրենք անվճար խորհրդատվություն են իրականացնո՞ւմ:
- Այո՛, այո՛, միանշանակ, գյուղացուն անվճար խորհրդատվություն են տալիս: Էս 295 մլն դրամը, որ տրվում է (սա 2013թ. նախարարության կողմից խորհրդատվությունների համար նախատեսված գումարի չափն է – Լ.Կ.), սրանից 208 700 հազարը աշխատավարձ է և 86 միլիոնն էլ պահպանության ծախսեր են: Հիմա, եթե մարդուն 53 հազար դրամ աշխատավարձ են տալիս, էդ մարդու էդ աշխատավարձից «ատկատ» ո՞նց անեն, ասեք՝ անեն: Մի հատ հլը ցույց տվեք, էլի՛, էն հայտնի, հնարամիտ «ատկատ» անողները թող մի հատ բացատրեն: Ի՞նչ անենք, ասենք, մեռյալ հոգինե՞ր պահենք:
- Դա ժողովրդի մեջ արմատացած կարծրատիպ է արդեն, որ խորհրդատվական ծրագրերն անպայմանորեն «ատկատային» պահեր են ենթադրում:
- Ներեցեք, էլի եմ ասում, շփոթում են էդ ամեն ինչը:
- Շփոթում են «Հազարամյակի մարտահրավերներ»-ի հե՞տ:
- Չգիտեմ: Որովհետև եթե ասում են, 16,5 մլն դոլար և մյուս ահռելի թվերը, դրանք էնտեղ են գնում: Երբ էդ հայտարարությունը եղավ, օրինակ, մեր Շիրակի ԳԱՄԿ-ում վիրավորված էին ահավոր, ասում էին, լա՛վ, բա մենք գյուղից գյուղ ընկած էդ 53 հազար դրամով գործը անում ենք ու մեզ ավազակի տեղ դնե՞ն, մեզ քննադատե՞ն, մեզ ասեն, որ Դուք «ատկատով» եք զբաղվու՞մ:
- Իսկ մեր գյուղացիները կարիք ունե՞ն այդ խորհրդատվության: Գիտե՞ք ինչու եմ հարցնում, որովհետև շատ են ասում նաև, թե մեր ցանկացած «չոբան» ավելի շատ բան գիտի գյուղատնտեսությունից, քան խորհուրդ տվողները:
- Ճիշտ եք ասում, միշտ էլ եղել է էդ խոսակցությունը: Գիտե՞ք, էդ մեծամտական բաները մենք ունենք, մենք հայ ենք: Մենք վերջերս դեկտեմբերին, օրինակ, կարտոֆիլի ցեցի դեմ գրքույկ պատրաստեցինք ու բաժանեցինք:
- Իսկ արագ կարողանում ե՞ք տեղ հասցնել՝ ժամանակին միջամտել:
- Գիտե՛ք, ես հիմա անկեղծ ասեմ, եթե հարցնեք թե կատարյալ կարողանում ե՞ք, չէ՛, էդպիսի բան չի կարող լինել: Բնականաբար, մենք խնդիրներ ունենք այս առումով, բայց ասել, թե սա պետք չի, ավելորդ է, օգտակար չի և այլն, ուղղակի անընդունելի են նման ձևակերպումները: Ցավոք, 52 հազար դրամ աշխատավարձ է տրվում, դե, ուզում ես լինի շատ որակյալ մասնագետ, բայց էդ որակյալ մասնագետն էլ, կներեք, պահանջ է դնում: Օրինակ, մեկն անասնապահական ֆերմա ունի, տալիս է մի 1000 դոլար աշխատավարձ և լավ անասնաբույժին տանում է իր մոտ: Լավ գյուղատնտեսին լավ ջերմատուն ունեցողն է տանում իր մոտ: Մենք հիմա մտածում ենք՝ ի՞նչ անենք, ո՞նց անենք, միգուցե վճարովի ինչ-որ ծառայություններ մատուցվի, բացի էն, ինչ որ անվճար արվում է: Գուցե էն ֆերմերները, որոնք ավելի որակյալ խորհրդատվության կարիք ունեն, միգուցե վճարովի ծառայություններ մատուցե՞նք:
- Փաստորեն, ստացվում է, որ դեռ մի բան էլ ձեզ քի՞չ է գումար տրվում:
- Դուք ինքներդ գնահատականը տվեք: Ծրագիրն, իհարկե, լավացման կարիք ունի, բայց էդ չարքաշ աշխատող մարդկանց նեղացնել իսկապես պետք չէ:
Փոխնախարարը նաև հավաստիացրեց, թե նախարար Սերգո Կարապետյանն այնպիսի մաքրություն է մտցրել նախարարությունում, որ «ատկատ», կաշառք և համանման այլ երևույթներն իսպառ վերացել են իրենց մոտ, եթե անգամ նախկինում եղել են: Փոխնախարարի հավաստիացումները, իհարկե, մենք կասկածի տակ դնել չենք կարող, այնպես որ գյուղնախարարության համար մենք միայն կարող ենք ուրախ լինել:
Լուսինե Կեսոյան