Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ հանգիստ է վերաբերում Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանի հավանական վարչապետ լինելու մասին լուրերին: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

«Այս հարցադրումը 5 տարիների ընթացքում լրագրողների հետ գրեթե բոլոր հանդիպումներում հնչել է, դրա համար շատ հանգիստ եմ վերաբերում այս տեսակ լուրերին: Եվ խնդրում եմ, որ դուք էլ շատ հանգիստ վերաբերեք»,- առաջարկեց վարչապետը:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՀՀԿ-ում սկսել են քննարկել վարչապետի հնարավոր փոփոխության հարցը: Եվ այս համատեքստում որպես գործադիրի ապագա հավանական ղեկավար շրջանառվում է Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանի անունը: «Ժողովուրդ»-ի ՀՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այդ նպատակով այս օրերին Կարեն Կարապետյանը Մոսկվայից վերադարձել է Երեւան: Նա մի շարք ՀՀԿ-ականների հետ հանդիպումներ է ունեցել: Առայժմ, սակայն, այս հարցում ՀՀԿ-ում կոնկրետ որոշում չի կայացվել: