Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հակամարտությունը մտնում է թեժ փուլ: Այդ ամենն ավելի նկատելի է դառնում խորհրդարանական ընտրություններից հետո. այս օրերին քննարկվում է, թե ով է լինելու խորհրդարանի ղեկավարը:
2018 թվականից առաջ, թե’ Սերժ Սարգսյանը, թե’ Կարեն Կարապետյանը փորձում են ամուր հենարան ունենալ:
Շարմազանո՞վ, թե՞ Կարեն Կարապետյան: Ո՞վ է ավելի պրոֆեսիոնալ, կամ ո՞վ է ավելի փորձառու: Ինչո՞ւմն է թեկնածուների խնդիրը:
Հստակ է, որ թե’ Կարապետյանը, թե’ Շարմազանովը դրական իմիջ ունեցող քաղաքական գործիչներ են: Ո’չ Շարմազանովը, ո’չ Կարապետյանը այս տարիներին աչքի չեն ընկել սկանդալներով: Երկուսն էլ զուսպ են այնքան, որքան թույլ է տալիս իրենց կարգավիճակը:
Նկատենք, որ այստեղ կարևորը ոչ թե նրանց փորձի կամ գիտելիքի մեջ է, այլ նրանում, թե ով ում «մարդն» է, և ով է ուժեղ ավելի: Սերժ Սարգսյանը, առաջադրելով Շարմազանովի թեկնածությունը, պնդում է նրա՝ երիտասարդ և խոստումնալից լինելը, իսկ վարչապետը պնդում է, որ ԱԺ նախագահի լավագույն թեկնածուն Կարեն Կարապետյանն է:
Այս խուլ հակամարտությունը գալիս է ի ցույց դնելու, որ առաջիկայում Կարապետյան-Սարգսյան հակամարտությունը ավելի է թեժանալու: Ո՞վ է լինելու առաջին դեմք՝ 18 թվականից հետո: Ահա սա է խնդիրը: Եվ ով կլինի ավելի ուժեղ, ում ներկայացուցիչը կդառնա ԱԺ խոսնակ:
Այս պահի դրությամբ՝ Սերժ Սարգսյանի հենարանը հանդիսանում են ուժայինները, օլիգարխիան, ինչպես նաև կոալիցված ՀՅԴ-ն: Կարեն Կարապետյանը զիջում է իր դիրքերը: Նրա միակ հենարանը իր իմիջն է և Սամվել Կարապետյանի աջակցությունը:
Առաջիկայում՝ խորհրդարանի խոսնակի նշանակումով, նկատելի կդառնա թե’ ուժեղը, թե’ ով ինչ հավակնություն ունի ապագայում:
Արսեն Սանամյան