Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանի մահն ադրբեջանցիների խղճի վրա է, և այդ մահվան պատասխանատուն, իհարկե, նրանք են: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին' մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ Կարենի օրինակով գործ ունենք ռազմական հանցագործության հետ՝ երբ միջազգային նորմերը չեն պահպանվել. խաղաղ բնակչին, որի նկատմամբ տեղի է ունեցել բռնություն, ստիպել են, որպեսզի ցուցմունք տա, ինքնախոստովանի, թե ինքը դիվերսանտ է, և այնքան են խոշտանգել, որ մահացել է, նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այսօր մեկ այլ թեմայով խոսելիս ես Ռուսաստանի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի նախագահին ասացի, որ ամոթ է այդպիսի մարդկանց սպանելը: Նա ասաց՝ «մենք չենք սպանել»: Ասացի՝ մարդը՝ 31 տարեկան տղան, ինչի՞ պիտի անցներ, ինչպես ես եմ տեղեկացված՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ, ձեզ մոտ և մահանար: Ասում է՝ «դե կարող է՝ վախեցել է, մահացել է»: Բայց մենք պետք է զուսպ լինենք. պատերազմը հանաք չի, պատերազմը անլուրջ վերաբերմունք չի ընդունում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշել է ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով' ինքը հասկանում է, որ անհնար է բոլորին վերահսկել, որ տարբեր հանգամանքներ են լինում, և դա չի արդարացնում ադրբեջանցիների գործողությունները, բայց մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները շատ լավ պետք է հասկանան, որ գործ ունեն թշնամու հետ՝ զայրացած, գազազած թշնամու հետ: