Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է արել, որում մասնավորապես ասվում է. «Եթե ես լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն, վարչապետ Տ. Սարգսյանին կթողնեի, լիազորություններ կտայի. լրիվ այն լիազորությունները, որ պետք են վարչապետին... Ձեռքերն ու ոտքերն արձակիր, ու եթե չի ստացվում, նոր հանիր»:
Հայտարարությունն այնքանով է հետաքրքրական, որ նախ նման բան է ասում Տիգրան Սարգսյանի մտերիմը կամ գոնե նրա աջակիցը, ում կարծիքը, փաստորեն, պետք է որ շատ չտարբերվի կամ անգամ նույնը լինի Տիգրան Սարգսյանի կարծիքի հետ:
Բանն այն է, որ սույն հայտարարությամբ դուրս է գալիս, որ.
ա. Տիգրան Սարգսյանն այսքան ժամանակ ԱԺ-ում օրինագծեր ներկայացնելիս միայն դերասանություն է արել, իր ձեռքերն ու ոտքերը կապված են եղել, ինքն ուղղակի ինչ-որ «սուտի» բաներ է ասել:
բ. Տիգրան Սարգսյանն իմանալով հանդերձ, որ ինքն ուղղակի այնտեղ ձեւի պարագա է, շարունակում է պաշտոնավարել' թույլ տալով, որ տնտեսական բոլոր տեսակի ձախողումներն իր անվան հետ կապվեն: Իրեն ձե՞ռք է տալիս սա:
Ինչ լիազորությունների մասին է խոսում Վազգեն Մանուկյանը, դժվարանում ենք ասել, հատկապես, որ վարչապետն այնքան լիազորություններ ունի, ըստ Սահմանադրությամբ, եւ ոչ միայն:
Այս հայտարարության սայրն ուղղված է առաջին հերթին հենց Սերժ Սարգսյանին, ում հետ, ի դեպ, պետք է որ Վազգեն Մանուկյանը, թե Տիգրան Սարգսյանը բավականին նորմալ հարաբերությունների մեջ լինեն, ավելին, բոլոր պատեհ-անպատեհ առիթներին Տ.Սարգսյանը հայտարարում է, թե ինքն ամեն ինչով աջակցում է Ս. Սարգսյանին:
Ուրեմն դուրս է գալիս' Սերժ Սարգսյանն է այնպես անում, որ Տիգրան Սարգսյանը մեկը մյուսից «աբսուրդ» որոշումներ է կայացնում, որ հարկային դաշտում, օրինակ, ռեկորդային քանակի հասնող օրենքի փոփոխություններ են լինում (հինգ տարվա մեջ եղել է 140 փոփոխություն, որով առաջարկել են 400 նոր կարգավորումներ):
Դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանը զանգում է Տիգրան Սարգսյանին, ասում. «Վաղը մի խայտառակ, կուրիոզ հայտարարություն կանես, ասենք, օրինակ, որ պանրի միջի ցուպիկը որքան սարսափելի է...», կամ «Վաղը մի երկու անհեթեթ օրինագիծ էլ ԱԺ կներակայցնես, որ մարդկանց թվա' գործ ես անում», կամ «Օտարերկրյա ներդրողներին չթողնես Հայաստանում ներդրում անեն…»:
Ուրեմն ողջ աշխարհը սխալ է, Տիգրան Սարգսյանը' անմեղ. ինքն ինչ մեղավոր է, որ արտագաղթի թիվն օրեցօր ահագնանում է, ինչ մեղավոր է, որ այս տարվա երկու ամիսների ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է 22 հազար մարդ:
Չէ որ նրա ձեռքերն ու ոտքերը Սերժ Սարգսյանը կապել է, չունի համապատասխան լիազորություններ:
Ուրեմն այսքան տարի վարչապետը կառավարությունում ի՞նչ է անում. «տուն-տունիկ» է խաղում: Դե որ էդպես է, թող թողնի գնա. նա անգամ որպես մասնագետ ի վիճակի չէ փոխելու որեւէ բան:
Չէ որ այս 5 տարիների ընթացքում ոչ ոք չի արգելել նրան դրականորեն փոխելու երկրի վիճակը, ով է բռնել նրա ձեռքը, ուրեմն պարզվում է' Տիգրան Սարգսյանը կարող էր անել, սակայն Սերժ Սարգսյանը չի թողնում, ձեռքը բռնել է, ասում է' «Տիկո, սիրուն չի, գործ մի արա»:
Ինչ ասես այլեւս մի վարչապետի մասին, ով անուղղակի կերպով հայտարարում է, որ ինքն անզոր է ինչ-որ բան փոխելու: Այո, դա տեսնում ենք, որ անզոր է, ի վիճակի չէ, ու այստեղ ուրիշ մեղավորներ փնտրել պետք չէ:
Հ.Գ. Դրամը գնալով արժեզրկվում է, ինչ էլ ձեռնտու է գործող իշխանությանը: Միայն դրամի արժեզրկումից օգտվելով' պաշտոնական վիճակագրությունը, օրինակ, 2012 թվականին կարողացավ ցուցադրել ՀՀ տնտեսության 7.2 տոկոս աճ: Իրականում, սակայն, հաշվի առնելով արժեզրկումը անցած տարի Հայաստանում մոտ երկու տոկոս տնտեսական անկում է եղել:
Արտակ Քաջար