Հայաստանի Հանրապետության անկախության պատմության օրվանից Տիգրան Սարգսյանը զբաղեցրել է պետական տարբեր բարձրաստիճան պաշտոններ: Կարելի է ասել, որ նա այն հայ գործիչներից է, ով կանգնած է եղել ՀՀ անկախության վերականգնման գործընթացների ակունքում: Տարիներ առաջ Տիգրան Սարգսյանը եղել է Վազգեն Մանուկյանի համախոհներից և ԱԺՄ կուսակցության անդամ: Երկար ժամանակ Վազգեն Մանուկյանի հետ միասին պայքարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության դեմ: Դրանից հետո նա նշանակվել է Կենտրոնական բանկի նախագահ և Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների ընթացքում էլ հենց նա է ղեկավարել ԿԲ-ն: Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո նա դարձավ վարչապետ և մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը:

Կարելի է ասել, որ գործող վարչապետը այս տարիների ընթացքում փայլուն կարիերա է կերտել, միշտ զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ' մեր երկրի համար շատ պատմական շրջանում:

Ո՞րն է Տիգրան Սարգսյանի տեսակը և ինչու՞ է այդ տեսակն այսօր հաղթանակած:

Տիգրան Սարգսյանն այն գործիչներից է, ով այս տարիների ընթացքում չի զբաղվել երկիրը թալանելու գործընթացով, չի զբաղվել երկրի ռեսուրսները սեփական ընտանիքի բարեկեցությանը ծառայեցնելու գործունեությամբ և երբեք իրեն օրենքից վեր չի դասել:

Այս տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիները հաճախակի են բախվել այն օրինակների հետ, երբ պաշտոնյա մարդիկ կամ նրանց շրջապատը իրենց պահում են լկտի և օրենքից բարձր են դասում, այդ իսկ պատճառով էլ մեր քաղաքացիների մոտ առաջացել է կարոտ Տիգրան Սարգսյանի տեսակի նկատմամբ:

Բնական է, որ այսօր նման տեսակի վարկանիշը բարձրանում է քաղաքացիների շրջանում: Շատ բնական է, որ քաղաքացիները հենց այս տեսակին կցանկանային տեսնել պետական բարձրաստիճան պաշտոններին:

Երբևէ չենք ֆիքսել, որ վարչապետի ընտանիքի անդամները կամ ընկերական շրջապատը իրենց թույլ տան լկտիություն, իրենց վեր պահեն օրենքից և նրանց պատճառով որևէ մի քաղաքացի տուժի: Այս օրինակը և ապրելաոճը պետք է դառնա էտալոն երիտասարդ քաղաքական գործիչների համար, որպեսզի նրանք ևս այդ ճանապարհով կայանան:

Տիգրան Սարգսյանի' վարչապետ նշանակվելու հաջորդ իսկ օրվանից շատ էին խոսակցություններ շրջանառվում, որ նրա պաշտոնավարումը շատ կարճ կյանք կունենա և նա կազատվի իր զբաղեցրած պաշտոնից: Բայց ժամանակը ցույց տվեց, որ նա չի ազատվում աշխատանքից: Իսկ սա նշանակում է, որ հանրապետության նախագահը, ով փաստացի տիրապետում է Հանրապետության ողջ իշխանությանը և ցանկացած պահի կարող է միանձնյա որոշումներ կայացնել, ոչ միայն չազատեց նրան պաշտոնից, այլ հակառակը խրախուսեց նրա տեսակի առկայությունը պետության ներսում' դրանով իսկ ցույց տալով, որ հաջողություն կունենան և բարձր պաշտոնների կհասնեն այն գործիչները, ովքեր ազնվորեն ծառայում են պետությանն ու ժողովրդին' իրենց վեր չդասելով օրենքից և սեփական ժողովրդից: