Հայաստանում, երևի թե, չկա այնպիսի մի պաշտոնյա, որ «կիքսեր» թույլ տված չլինի: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, բնականաբար, բացառություն չէ: Վարչապետի հետ կապված հերթական զավեշտն արձանագրվեց երեկ՝ կառավարության նիստի ժամանակ:
Դուռը, ինչպես միշտ, բացվեց, Տիգրան Սարգսյանը մտավ, նստեց և սկսեց. այդ նիստին էլ էր հերթական դասախոսությունը լսվելու: Այս անգամ վարչապետը որոշել էր խոսել իր կառավարության նվաճումների՝ առաջընթացների մասին: Վարչապետը սկսեց խոսել.
- Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ։
Այսօր կառավարության կայքէջում տեղադրվելու է մեր գործունեության գնահատականների վերաբերյալ հաշվետվությունը, որը տրվում է հարցումների հիման վրա։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ, ըստ մեր քաղաքացիների գնահատականների, վերջին տարիների ընթացքում աչքի ընկնող բարեփոխումները, որոնք շոշափելի արդյունք են տվել, հետևյալն են. Առաջինը՝ բջջային կապի և ինտերնետի ոլորտն է։ Հարցված քաղաքացիների 95.3 տոկոսը գնահատել է, որ այս ոլորտում ակնհայտորեն կան դրական տեղաշարժեր վերջին հինգ տարիների ընթացքում։
Եվ հանկարծ լռություն…
- Երկրորդ առաջընթացը… Երկրորդ առաջընթացը… Յա… Ո՞ւր կորավ:
Սարգսյանը ձեռքի տակ եղած թղթերն է խառնում, սկսում փնտրել, նախարարները շունչները պահած հետևում են «շեֆին», դարձյալ լռություն, դարձյալ փնտրտուք…
- Էդ երկրորդ առաջընթացը ո՞րն էր է՜: Ի՞նչ էղավ:
Մի քանի վայրկյան ևս կառավարության նիստն անցնում է առաջընթացի տենդագին փնտրտուքների մեջ և, վերջապես, Փառք Աստծո, գտնվում է ՀՀ կառավարության երկրորդ առաջընթացը:
- Երկրորդ ոլորտը, որտեղ նույնպես ունենք շոշափելի արդյունքներ, երրորդ անձանց ռիսկի ապահովագրության ոլորտն է: Երրորդ ոլորտը՝ 65.1 տոկոս, կադաստրի աշխատանքն է, որտեղ մեր քաղաքացիները գտնում են, որ կան լուրջ ձեռքբերումներ, - այս անգամ արդեն բարեհաջող, առանց ակնհայտ կորուստների շարունակում է վարչապետը։
Եվ այսքանից հետո դեռ կարող են հայտնվել որոշ առանձնյակներ և համարձակվեն քննադատել մեր կառավարությանը, այն վարչապետի կառավարությանը, որն այսպիսի քանակության առաջընթացներ է գրանցում, որը, ամբողջ ուժերը կենտրոնացնելով առաջընթացներ «թողարկելու» վրա, առաջընթացների նման ահռելի քանակի պատճառով էլ ի վիճակի չի լինում անգամ մտապահել դրանք՝ որն էր առաջինը, երկրորդը… Էդքան առաջընթացներն ախր ո՞նց հիշեն, մարդ են, չէ՞…
Լուսինե Կեսոյան