Կառավարությունը հրաժարականների հարց չի պլանավորում, իսկ եթե կան մարդիկ, ովքեր հրաժարական են տվել, դա իրենց սեփական նախաձեռնությունն է, դրանք ինքնաբուխ ծնվող հրաժարականներ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով' այդ հրաժարականները պլանավորված չէին եւ ոչ մի շարունակական բնույթ չեն ունենալու: Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ ներկայացված հրաժարականները չհաստատվեն, վարչապետն ասաց. «Այո, հնարավոր է նաեւ, որ այդ հրաժարականները չհաստատվեն: Մենք կքննարկենք այդ հարցը մեր գործընկերների հետ: Կհասկանանք իրենց դրդապատճառները եւ որոշում կկայացնենք»:
Նա միաժամանակ նշեց, որ, բնականաբար, փոփոխություններ կլինեն. «Բնականաբար մեր քաղաքական թիմը հանրությանը ներկայացրել է փոփոխությունների ծրագիր, իսկ դա նշանակում է, որ մենք մեր հանրությանը պետք է ներկայացնենք փոփոխությունների նոր ռազմավարություն»:
Հիշեցնենք, որ 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո հրաժարականի դիմում ներկայացրեց Շիրակի Մարզպետ Աշոտ Գիզիրյանը եւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Շրջանառվում է նաեւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անունը: