ԱՎԾ-ն հրապարակել է ցուցանիշներ, որոնք, ըստ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի, խոսում են նախագահի 5 տարվա պաշտոնավարման արդյունքում ձախողման մասին: «Խոստանում էր կրկնապատկել ՀՆԱ-ն, նվազագույն աշխատավարձը, բյուջեն… ձախողվել է, Աղքատությունը խոստանում էր վերացնել, աճել է: Ունենք 220 հազար մարդ, որ արտագաղթել է»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է նախագահի թեկնածուն:
«Ինչու ճգնաժամը, որ սկսվեց ԱՄՆ-ում, Հայաստանում ունեցավ 7 անգամ ավելի վնաս: Ստացել է 11 միլիարդ դոլար, կարող էր ճգնաժամը Հայաստան չթողել այդ գումարով: Բայց այդ 11 միլիարդից 3-ը չկարողացան ծախսել, դուրս գնաց: Ադրբեջանը ճգնաժամի տարին ուներ 9 տոկոս աճ: Ադրբեջանը նավթ է արտահանում, մենք՝ մարդ»,- ասել է Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ ունի ծրագիր և բանավեճի է հրավիրում Սերժ Սարգսյանին, ում ծրագրից միայն արտաքին քաղաքական մի քանի դրույթներ է ընդունելի համարում:
«Ես վարչապետ եմ դարձել, երկրորդ տարին ստացել եմ տնտեսական աճ: 6,9 տոկոս տնտեսական աճն առաջինն էր ԱՊՀ-ում: 240 հազար մարդ 92-ին էր լքել երկիրը, 96-ին՝ 7 հազար մարդ: Սա նշանակում է, որ իմ ժամանակ տնտեսական աճն իրական էր»,- ասել է Հրանտ Բագրատյանն ու հիշել, որ լինելով 32 տարեկան վարչապետ՝ տվել է 24-ժամյա հոսանք, հաղթել է պատերազմում:
Այս կառավարությունը ճիշտ բան էլ է արել, ըստ Հրանտ Բագրատյանի գնահատման, սակայն՝ իր առաջարկով. ներդրել է ծննդյան վկայագիր:
Նախագահի թեկնածուի խոսքերով՝ մեր նախագահը չի կարողանում խորանալ տնտեսական քաղաքականության մեջ, «վարչապետն էլ կատաստրոֆա է, ի՞նչ վարչապետ: Նախագահը պետք է հիանալի պատկերացնի պետության տնտեսական գործունեությունը»:
Հրանտ Բագրատյանը չի հավատում նաև սոցիոլոգիական հարցման արդյունքներին և համարում է, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ «սոցիոլոգները» վաճառում են դեզինֆորմացիա: