Բացահայտվել է Տիգրան Սարգսյանի կառավարության հերթական սենսացիոն ձեռքբերումը: Թոշակների բարձրացման համար փող չունեցող մեր կառավարությունը 2012թ. պետբյուջեից 124 մլն դրամ է տրամադրել՝ 2 բիոզուգարանի ձեռքբերման համար: Դրանցից մեկը տեղադրվել է Տաթևի ճոպանուղու մոտ, մյուսը՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու:
Այսօր Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն ասել է, որ ինքը համոզված է, որ այս զուգարանները մեծ նշանակություն ունեն զբոսաշրջության զարգացման համար:
Եթե Հայաստանում գտնվի մեկը, որ համաձակվի կասկածի տակ դնել փոխնախարար Պետրոսյանի այս համոզվածությունը, ապա այդ մեկին արժե, երևի թե, կախել կառավարության շենքի ժամացույցի սլաքներից: Դե, իհարկե, 124 միլիոնանոց զուգարանները կխթանեն զբոսաշրջությունը: Այն էլ ինչպե՜ս կխթանեն: Խթանելը դեռ նոր կտեսնենք: Հարկավոր է ընդամենը սպասել և տեսնել, թե ինչպես են վերջապես զուգարանները խթանելու զբոսաշրջությունը:
124 միլիոնանոց զուգարանները տեսնելու ցանկությամբ կհամակվեն բոլոր նրանք, ովքեր թեկուզ ականջի ծայրով լսեն դրանց մասին: Իսկ եթե նրանց ասվի, որ տեսնելուց զատ կարող են անգամ օգտվել դրանց ընձեռած գայթակղիչ հնարավորություններից, ապա միայն երևակայել է պետք, թե ի՜նչ հերթեր են գոյանալու այդ զուգարանների առջև: Ընդ որում, եթե Հայաստանում մինչ օրս ավելի շատ արտագնա զբոսաշրջությունն էր զարգացած, նկատի ունեմ այն, որ Հայաստանը հիմնականում ցանկանում էին տեսնել, Հայաստանի տեսարժան վայրեր էին այցելում հիմնականում արտասահմանցի զբոսաշրջիկները, ապա Տիգրան Սարգսյանի «պեղած» և Հայաստան տեղափոխած հրաշք զուգարանների շնորհիվ մեր երկրում զարգացման մի այլ մակարդակի կհասնի հենց ներգնա տուրիզմը:
Եթե մինչ օրս շատ ու շատ ՀՀ քաղաքացիներ կարողանում էին ապրել, գիշերը հանգիստ գլուխը բարձին էին դնում նաև առանց Տաթևը տեսնելու, ապա այսօրվանից սկսած այդ մարդկանց ուղեղները կաշխատեն միայն մեկ ուղղությամբ. հնարավորինս շուտ փող հետ գցել և հենց հասնի այդ բաղձալի օրը, շտապել Տաթև կամ թեկուզ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ՝ հագուրդ տալու 21-րդ դարի այդ հրաշքը տեսնելու անզուսպ ցանկությանը:
Ի դեպ, զուգարաններն աշխատելու են ինքնաֆինանսավորման սկզբունքով. այս հրաշալիքը տեսնել և դրանից օգտվել ցանկացողներից, երևակայե՛ք, կգանձվի ընդամենը 200 դրամ: Այնպես որ, կարելի է համոզված ասել, որ բոլոր նրանք, ովքեր Հայաստանի ամենաթանկարժեք ու բարձրորակ կերամիկական ապրանքներ առաջարկող «Շեն-դեկոր», «Լիա Կերամիքս», «Վիտրա» խանութ-սրահներից գնել են թեկուզ այնտեղի ամենա-ամենաթանկարժեք զուգարանակոնքը և վճարել 1 մլն դրամ (էլիտար կոնքաման կարելի է գնել նաև 600 000 դրամով, ընդ որում, չի բացառվում, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր տանը օգտվում է հենց նման մի կոնքամանից), է՛լ ավելի բուռն ցանկությամբ են բռնկվելու և լսելով, որ հիշյալ օբյեկտի «հաշիվն» արժե ընդամենը 200 դրամ, նորից ու նորից ցանկություն կհայտնեն մուտք գործել «օբյեկտ» և օգտվել այդ գերթանկարժեք բարիքից՝ հասկանալու համար 124 միլիոնանոց «հրաշքի» առեղծվածը:
Ի դեպ, սկզբում կառավարությունը հատկացրել է 100 մլն դրամ, բայց վերջնահաշվարկում պարզվել է, որ զուգարանները Հայաստանի Հանրապետության վրա նստել են 124 մլն դրամ: Որոշ կարճամիտներ անգամ զարմանք են հայտնել, թե 24 միլիոնն ովքե՞ր են մսխել, ինչի՞ վրա են դուրս գրել՝ առանց հաշվի առնելու, որ Էկոնոմիկայի նախարարության «պեղած» նման զուգարանները նաև մաքսազերծման կարիք կունենային: Հո չէ՞ին կարող Հայաստանի զբոսաշրջությունը զարգացնող տուրիստները օգտվել չմաքսազերծված բիոզուգարաններից: Եվ, բնականաբար, եթե երկու զուգարանի արժեքը 100 մլն դրամ է, ապա Հայաստանի Հանրապետությունում նման շքեղությունը առնվազն 24 միլիոնանոց մաքսազերծման կարող էր արժանացած լինել: Դեռ շքեղության հարկի մասին էլ չենք խոսում:
Ինչպես տեսնում ենք, Տիգրան Սարգսյանի կառավարությունը չի դավաճանում ինքն իրեն և շարունակում է մնալ իր ամպլուայի մեջ: Ջերմուկի մոծակների համար 60 միլիոն դրամ, գյուղատնտեսական խորհրդատվությունների վրա 16,5 միլիոն դոլար, թարգմանությունների համար 121 միլիոն 200 հազար ծախսող կառավարությունն իր վարչապետով, բնականաբար, չէր կարող ձեռնոց չնետել Բահրեյնի սուլթանին և պլատինե կամ ոսկե զուգարանների փոխարեն գոնե ոչ պակաս միլիոնանոց բիոզուգարաններ նվիրել սեփական ժողովրդին՝ վերջինիս ճաշակի ու աշխարհճանաչողության ընդլայնման նպատակով:
Լուսինե Կեսոյան