Հայաստանի կառավարությունը այսօր տեղի ունեցած նիստում ընդունել է փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցության ժամանակացույց, որը, ըստ ընդունողների նկարագրության և պատկերացումների, պետք է Հայաստանը փոքր ու միջին բիզնեսի համար դարձնի գրեթե երկիր դրախտավայր, ձևավորի միջին խավ և այլն, և այլն:
Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում հարկային նոր փոփոխություններից բողոքում էին ատամնաբույժները: Նրանց հազիվ թե համարես խոշոր բիզնես: Նույն կերպ դժգոհ էն ռիելթորները, որոնք նույնպես խոշոր բիզնեսի կարգին հազիվ թե դասվեն: Այդ երկու ոլորտների համար սահմանվել են հարկային հավելյալ այնպիսի պարտավորություններ, որոնք ակնհայտորեն ոլորտը տանելու են խոշորացման, որովհետև այդ պարտավորությունները կատարելու համար կլինի ֆինանսական հզորությունների կարիք, ինչը կբերի ծառայությունների թանկացման, ինչն էլ իր հերթին կառաջացնի պահանջարկի իջեցում, կենտրոնացում ավելի խոշորների մոտ, որոնք կկարողանան որոշակի գնային ճկունություն ցուցաբերել:
Այսինքն' ակնհայտ է, որ կառավարության նախաձեռնությամբ տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք փոքր ու միջին բիզնեսի առնվազն երկու ոլորտում կարող են առաջացնել խոշորացման նախադրյալներ և միտումներ: Մինչդեռ ոլորտները, որտեղ նոր օրենսդրության հետևանքով կան այդ ռիսկերը, ավելի շատ են՝ երկուսը չեն:
Երբ դրանից հետո կառավարությունը ինչ-որ ժամանակացույց է ընդունում, որով փոքր ու միջին բիզնեսին պետք է աջակցի և Հայաստանում միջին խավ ձևավորի, դա արդեն զավեշտի կատեգորիայից է: Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը:
Սովորաբար, այդպես պետք է լինի բարեգործական գործունեության պարագայում, այսինքն' լինի լուռ բարեգործություն: Հայաստանում հակառակն է: Բարեգործությունները կատարվում են համաշխարհային աղմուկով, այնպես, որ նույնիսկ աշխարհահռչակ մեկենասները կարող են նախանձել, իսկ ահա պետական կառավարումը իրականացվում է հենց աջ ու ձախ ձեռքերի միջև հաղորդակցության և կապի իսպառ բացակայությամբ: Արդյունքը զավեշտալի է ստացվում, բայց միայն կողքից դիտելու համար: Իսկ մարդկանց համար, ովքեր անմիջապես այդ ամենի կիզակետում են, այսինքն' համարձակվել են բիզնես ծավալել Հայաստանում' չունենալով իշխանական կլաններից որևէ մեկի տանիքը, այդ ամենը վերածվում է պարզապես համբերության բաժակի վերջին կաթիլի, որից հետո կայացվում են Հայաստանից հեռանալու մասին որոշումները: