Ճիշտ այն օրը, երբ հայտնի դարձավ, որ հայրենի կառավարությունը 124 մլն դրամ է դուրս գրել Երևանում և Տաթևում երկու չաշխատող զուգարան «տնկելու» վրա, վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ այլ սենսացիա պայթեցրեց Ազգային ժողովում, ուր եկել էր իր կառավարության հետ պատգամավորների հարցերին պատասխանելու: Վարչապետը նախ հայտարարեց, որ ոչ մի քայլ չի զիջելու ատամնաբույժներին և որ 80 հազար դրամ հարկը փող չի և եթե դա բաժանենք ամսվա օրերի վրա, կհասկանանք, որ դա լումայի հաշիվ է, հետո էլ, երբ մի քիչ ավելի անկեղծացավ, խոստովանեց նաև, թե ինչից են ինքը և իր կառավարությունը դրդվել և այսպես լարվել ատամնաբույժների դեմ: Պարզվեց՝ վարչապետը բազմաթիվ բողոքներ է ստացել առ այն, թե, ահա՛, տեսե՛ք, ատամնաբույժները ինչքա՜ն փող են աշխատում, բայց դուք նրանց չեք հարկում ինչպես պետք է, իսկ ահա մեզ՝ հարկում եք:
- Պարո՛ն վարչապետ, իսկ կասե՞ք, թե ովքեր էին Ձեզ բողոքել:
- Տաքսիստները: Իսկ ինչո՞ւ պետք է տաքսիստներին հարկենք, իսկ ատամնաբույժներին՝ ոչ:
Հենց տաքսիստների ու ատամնաբույժների միջև սոցիալական հավասարության վերականգնման նպատակով էլ Տիգրան Սարգսյանի կառավարությունը դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրեց, որի ժամանակ էլ Հարկային փաթեթի մեջ մտցված «Արտոնագրային վճարների մասին» օրինագծի փոփոխություններն ընդունվեցին՝ բնականաբար, առանց որևէ մեկի կողմից հասկացվելու, առավել ևս՝ քննարկվելու: Խորհրդարանում «կոճակի դեր կատարող» պատգամավորները սեղմեցին կոճակը, քանի որ ասված էր, որ պետք է սեղմել կոճակը, «կոճակի դեր չկատարող» պատգամավորներն էլ սեղմեցին կոճակը, քանի որ ասված էր, որ պետք է սեղմել կոճակը և քանի որ մի օրում հրամցված հսկայական փաթեթի մեջ ժամանակ չէին էլ ունեցել հասկանալ, թե ո՛ր օրինագծի ո՛ր փոփոխությունը ո՛ր մասով է ընդունելի, որով՝ ոչ: Այդպես, «Յուվեցի Կարոներն» ու «աներձագները» վճռեցին ատամնաբույժների ճակատագիրը:
Ազգային ժողովում եթե կար մեկը, ով պետք է որ գոնե բժշկի դիրքերից ստանձներ կոլեգաների շահերի պաշտպանությունը, Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էր: Բաբլոյանն էլ, սակայն, այս ընթացքում իր հերթին աչքի ընկավ նրանով, որ ոչ պաշտոնական խոսակցությունների ժամանակ կարծիք հնչեցրեց, թե՝ «Դե, ի՞նչ ա էղել որ, ամիսը 3000 դոլար փող են աշխատում, թող մի 200 դոլար էլ հարկ մուծեն»: Այս ամենով հանդերձ, այնուամենայնիվ, մի տեսակ դժվար էր հավատալ, որ բժիշկ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի սեփականատեր Բաբլոյանը կարող էր այդ աստիճան անտարբեր լինել իր գործընկերների բողոքների հանդեպ: Պատգամավորի հետ զրուցեցինք հենց այս նպատակով, որից էլ պարզեցինք, որ Հայաստանի Հանրապետությունում, փաստորեն, վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունները բոլորովին էլ երկնային ճշմարտությունների շարքից չեն: Ավելին, դատելով Արա Բաբլոյանի հավաստիացումներից՝ ատամնաբույժները, կարծես թե, դեռ որոշ հույսեր կարող են փայփայել:
- Պարո՛ն Բաբլոյան, վարչապետի հայտարարություններից պարզ դարձավ, որ կառավարությունը բոլորովին մտադիր չէ լսել ատամնաբույժների դժգոհությունները: Մինչդեռ Ազգային ժողովում խոսվում էր, թե շուտով ընդունված օրինագծում փոփոխություններ կկատարվեն, բայց դատելով վարչապետի ասածներից՝ ոչ մի զիջում էլ չեն պատրաստվում անել, այո՞:
- Ո՛չ, արվելու են: Որոշ փոփոխություններ անելու ենք: Օրինակ, ռենտգենաբանականը, որը հարակից, օգնող ծառայություն է. եթե էդպես լինի, ուրեմն լաբորատոր ծառայություններն էլ կհարկվեն առանձին: Կամ պիտի կարողանանք ճիշտ հաշվարկենք, թե պոլիկլինիկաներում քանի ատամնատեխնիկ քանի օրթոպեդի հետ է աշխատում, որպեսզի վերջնական պրոդուկտ ստանան: Օրինակ, իմ համար ատամնատեխնիկները, որոնք առանձին են աշխատում, պետք է մի ձևի հարկվեն, իսկ որոնք պոլիկլինիկաների կազմում են՝ մի ձևի, որովհետև էստեղ մի պրոդուկտ ա, օրթոպեդն է պրոդուկտ տալի, ինքը առանձին պրոդուկտ չի տալի: Իսկ եթե ինքը առանձնացված կազմակերպություն է, կարող է հարյուրավոր կաբինետների հետ աշխատի: Այսինքն կան բաներ, որոնք մենք պետք է քննարկենք:
- Այսինքն, կա՞ հույս, որովհետև վարչապետի խոսքից այդ հույսը բացարձակ չնկատվեց:
- Չէ՛, չէ՛, կա՛: Դե, մենք էլ եթե գնանք շտկումների, մենք էլ էնպես պետք է շտկենք, որ մեծամասամբ արդեն կողմնակից լինեն դրան, չլինի, որ էլի ինչ-որ մի մաս դուրս գա ու ասի՝ դրան էլ համաձայն չենք: Մենք ուզում ենք լսումներ կազմակերպել, որպեսզի ասոցիացիաները մասնակցեն, որպեսզի հստակ իմանանք, թե ովքեր են կողմ դրան:
- Իսկ ինչո՞ւ մինչ այդ չի կազմակերպվել: Թե՞ էսպես հապճեպ բերվել է փաթեթով…
- Դե, քանի որ ինքը արտահերթով գնաց…
- Հա, Դուք էլ անգամ չէիք ֆիքսե՞լ, չհասցրեցի՞ք ծանոթանալ:
- Դե, մենք աշխատեցինք: Պարոն Սահակյանը որոշակի փոփոխություններ կարողացավ մտցնի, դե, էսպես ասած, մեր թիմն ա, բայց հետագայում էլի կաշխատենք:
- Մեկ էլ՝ մի վիրավորվածություն է իրենց մոտ, որ, փաստորեն, իրենք մի տեսակ շպրտվեցին բժիշկների դասակարգից և հավասարվել են կազինոներին, վարսավիրանոցներին:
- Չէ, էդքան էլ էդպես չի: Մենք քննարկեցինք էդ հարցը: Տեսե՛ք, կա երեք տեսակի հարկման մոտեցումներ: Մեկը՝ դասական, մեկը՝ պարզեցված հարկի ճանապարհով, մյուսը, այսպես ասած, արտոնյալ վճարների ճանապարհով: Երբ որ մենք անդրադառնում ենք էս ծառայության կազմակերպմանը, իհարկե, եթե խոսքը գնում է խոշոր կազմակերպությունների մասին, իրենց ավելի ճիշտ է, որ մենք հարկենք դասական հարկման ճանապարհով, բայց միևնույն ժամանակ դուրս է գալիս, որ մենք իրենց պետք է բաժանենք երկու մասի: Բայց օրենքը չի բացառում, որ մենք կիրառենք այս կամ այն ձևը հարկման: Դրա համար քննարկումների ժամանակ բոլորը եկան այն եզրակացության, որ իրենց համար ավելի հարմար ա հաստատագրված հարկման մեխանիզմը, դրա համար մենք հիմա չենք քննարկում այլ բաներ: Բայց իրականում եթե մենք վերցնենք այլ բաներ, օրինակ, «Արաբկիր» բժշկական կենտրոնը ունի ատամնաբուժարան: Եթե մենք վերցնենք էնտեղ մեծահասակի մի կաբինետը ոնց ա հարկվում, էնտեղ բժիշկը ամսական ստանալով իր 300 000 դրամ աշխատավարձը, կամ իրա բուժքույրը, որը 100 000 աշխատավարձ ա ստացել, եթե մենք նայում ենք իրա հարկման բազան, ինքը ամսական՝ սոցիալական վճարները և եկամտահարկը իրար հետ, էլ չխոսած շահութահարկի մասին, կազմում ա 110-120 հազար դրամ: Էս ա հարցը: Խնդիրը՝ էս ծառայությունների մեջ կարողանալ բալանսավորված մոտեցում ցուցաբերել: Ես ինքս՝ որպես բժիշկ, գտնում եմ, որ իրականացնում են ծառայություն, որը կարևոր ա հասարակության համար և ինքը սոցիալական բլոկի մեջ ա, ինքը որպես սոցիալական բլոկի ծառայություն՝ իրականում թանկ ծառայություն ա և պետությունը մեծ ներդրումներ ա անում դա զարգացնելու և իրականացնելու համար, բայց մյուս կողմից՝ ինքը՝ որպես տնտեսության մաս, մենք պետք ա հասկանանք, որ եթե մենք ձգտում ենք, որ մեր բուժաշխատողը քանի գնա շատ վաստակի, ինքը քանի գնա, շատ էլ պիտի մասնակցի պետության կառուցմանը, չէ՞, իրա վաստակով: Էս ա պետությունը:
- Դա հենց վարչապետական մոտեցումն էր:
- Չէ՛, չէ՛, վարչապետականը չէ: Դե, մենք որոշել ենք, որ մենք պետք է լինենք սոցիալական պետություն: Եթե մենք գնում ենք դեպի սոցիալական պետություն, ես բարձր եմ վաստակում, ես իմ բարձր վաստակով բարձր եմ մասնակցում, եթե մյուսը ցածր ա վաստակում, նա ցածր ա մասնակցում: Հիմնական գաղափարը սոցիալական պետության նա է, որ մենք բոլորս մասնակցում ենք մեր հնարավորությունների չափով և բոլորս միասին որոշում ենք, թե մեր մասնակցության էդ գումարը ինչի վրա պետք է ծախսենք:
- Ընդունում եմ, բայց դա էլ պետք է լինի խելամիտ, չէ՞: Բարձր վաստակողից պետք չի գանձել էնքան, որ նա հավասարվի ցածր վաստակողի մակարդակին: Վարչապետը ատամնաբույժներին տաքսիստների հետ էր համեմատում, երբ էս մարդիկ 10 տարի մասնագիտական կրթություն են ստանում, նոր միայն կարողանում են աշխատել ու փող վաստակել:
- Ես չէի ուզենա համեմատեի, որովհետև ես ուզում եմ համեմատել, օրինակ, ուսուցիչների հետ:
- Դե, դա համեմատել չի լինի, պիտի համեմատելի լինեն, ճիշտ եք, բայց այսօրվա դրությամբ անհամեմատելի են:
- Դե, ես էլ ասում եմ, իրենք ինձ հետ համաձայն են: Իրենք ասում են՝ իրենք ուզում են հարկվեն: Իրենք չեն հրաժարվում: Ես ասում եմ՝ մենք ձեզ հետ միասին պիտի հարկվենք: Ես ասում եմ՝ մենք պիտի էնքան հարկ տանք, ինչքան 60 հազար ստացող ուսուցի՞չը, թե՞ մենք խոստովանենք, որ մեր եկամուտը ավելի շատ ա ու մի քիչ ավելի հարկ տանք: Բոլորն ասում են, որ, այո՛, միանշանակ մենք համաձայն ենք և պետք է տանք, որևիցե մեկը դեռ չի ասել, որ մենք չենք ուզում հարկվել:
Թե վերոհիշյալ կարծիքներն ու հավաստիացումները վերջնահաշվարկում ինչ-որ չափով կօգնե՞ն ատամնաբույժներին, նրանց տեսակետը գոնե ինչ-որ չափով հաշվի կառնվի՞, թե՞ կառավարությունն էլի «գաղտագողի», առանց տեղյակ պահելու և որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու էլի իրենը առաջ կքաշի, կերևա առաջիկայում:
Լուսինե Կեսոյան