Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսեց ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ոլորտում Հայաստանի մրցակցային առավելությունների մասին: Նա այդ մասին ասաց կառավարության նիտում, երբ քննարկվում էր Վանաձոր եւ Գյումրի քաղաքների ֆիզիկամաթեմատիկական դպրոցները ԿԳ նախարարության ուղիղ ենթակայությանը փոխանցելու հարցը:

Մեր վարչապետի դեպքում երբեք հնարավոր չէ հասկանալ նա պարզապես իր մտքերո՞ վ է կիսվում լսարանի հետ, թե՞ դրա տակ կառավարության կոնկրետ ծրագրեր են թաքնված, ասենք, գիտնականների աշխատավարձի բարձրացման, դպրոցական օլիմպիադաների հաղթողների խրախուսման, բուհերում տվյալ մասնագիտությունների գծով անվճար տեղերի ավելացման եւ այլնի հետ կապված:

Այն մասին, որ Հայաստանում գիտության եւ, հատկապես, ֆիզիկայի ու մաթեմատիկայի ոլորտում մրցակացային առավելության կա, Հայաստանի գիտնականները հայտարարել են վաղուց: Սակայն նրանք, բացի փաստն արձանագրելուց, հայտարարում են նաեւ, որ անհրաժեշտ են անհետաձգելի քայլեր' այդ առավելությունները չկորցնելու համար' լավագույն կադրերին արտերկիր ճանապարհելով եւ չիմանալով ինչպես փոխարինել տարեց դասախոսներին եւ մասնագետներին:

Սրա հետ բոլոր պաշտոնյաներն են համաձայնում, ընդհուպ մինչեւ վարչապետը, սակայն դրա հետ մեկտեղ անցած տարի գիտության ֆինանսավորման ավելացման վերաբերյալ կառավարության կողմից եւ ոչ մի նախաձեռնություն չի ընդունվել, ընդ որում, այն հիմնավորմամբ, որ ժամանակը չէ, դա պետք է 2020թ-ին լինի:

Հիմա մի փոքր օրինակով անդրադառնանք այդ մրցակցային առվելությանը. վերջին մի քանի տարվա ընթացքում ֆիզիկայի ասպարեզում ՀՀ նախագահի մրցանակի է արժանացել 10 երիտասարդ գիտնական' իրենց ղեկավարների հետ: Նրանցից երկուսը գիտությունից հեռացել են եւ այլ բանով են զբաղվում: Նրանք, ովքեր չկարողացան հրաժարվել գիտությունից' արտերկրում են. ոմանք ընդմիշտ, ոմանք' դեռ հայրենիքի հետ կապով: Միայն մի աղջիկ է ընտրությունը հօգուտ Հայաստանի կատարել եւ հույս ունի, որ տասը տարի անց չի զղջա: Գրեթե նույնանման պատկեր է ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամի 2010թ. «Լավագույն գիտական աշխատանքի համար» հաղթողների դեպքում: 17 հաղթողներից բնական գիտությունների բլոկի բոլոր ներկայացուցիչները, իսկ նրանք գրեթե կեսն էին, արտերկորւմ են:

Մեր կառավարությունը գիտությունը դիտում է որպես բիզնես, իսկ գիտնականներից բիզնես-պլան է պահանջում: IT ոլորտի հետ արագ հարցերը լուծեցին, այստեղ բիզնես-պլանը լավ է աշխատում: Սակայն մյուս ոլորտներում ինչ-որ չի գործում: Որովհետեւ գիտությունը բիզնես չէ, կամ էլ բիզնես է վերջին հերթին: Գիտությունը առաջին հերթին դպրոց է, երկորդ հերթին' դպրոց է եւ երրորդին...մշակույթի հետ համատեղ այն ժամանակակից քաղաքակիրթ հասարակության հիմքն է, եւ հենց դրա համար են այնտեղ միջոցներ դրվում, ոչ թե որպես բիզնես-նախագծի համար, ու այդ ժամանակ էլ այն դառնում է բիզնես-նախագիծ:

P.S.Սխալ կլիներ կարծել, որ այս ամենը մեր ղեկավարները եւ, մասնավորապես, Տիգրան Սարգսյանը չգիտեն եւ չեն հասկանում: Իսկ թե ինչու քայլեր չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու համար կամ ինչու են դրանք կրիայի քայլերով անում' դա մեծ հարց է: Արդյոք չեն կարող, թե՞ չեն ցանակում:

P.P.S. Կամ գո՞ ւցե վարչապետի խոսքերը իրենց մեջ քաղաքական ուղերձ են պարունակում: Ժամանակներն անհանգիստ են, փողոցում հեղափոխության գույն են ընտրում, գիտնականներն էլ, ինչպես Մարքսի ժամանակ պրոլետարիատը, կարոցնելու ոչինչ չունեն: Ինչո՞ ւ հատկապես հիմա այդ մասին խոսեց Տիգրան Սարգսյանը կամ գո՞ ւցե պարզպես առիթ եղավ դրա համար:

Անահիտ Սարգսյան