Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ ԲՀԿ անդամը որոշել է զանց առնել կուսակցության տեսակետը և սեփական խաղը խաղալ նախագահական ընտրություններում:

«Ես 2008-ին էլ եմ սատարել Սերժ Սարգսյանին, այս ընտրություններում էլ կսատարեմ նրան»,- ասել է Բալասանյանը:

2008թ.-ի նախագահական ընտրարշավում Սերժ Սարգսյանի մրցակիցներից մեկն էլ Արթուր Բաղդասարյանն էր, ում կուսակցության՝ ՕԵԿ-ի գիրը, ինչպես հայտնի է, ՕԵԿ խմբակցության նախկին ղեկավար Բալասանյանի «ճակատի կենտրոնական հատվածում էր դրոշմված» ՕԵԿ-ի հաջողակ շրջանում: Ճիշտ է, Սամվել Բալասանյանն այդպես էլ ՕԵԿ-ի գիրը չջնջեց (լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա միայն տեղեկացրել էր, որ իր ճակատը բավական լայն է և այնտեղ գրելու հնարավորություն կա նաև ԲՀԿ-ի համար. այս հարցը խիստ հետաքրքրում էր լրագրողական շրջանակներին՝ Բալասանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելուց հետո), սակայն, փաստորեն, «չջնջված ճակատով», ՕԵԿ-ական գրով հանդերձ, Բալասանյանը դեռ մինչև ԲՀԿ-ին անդամակցելը 2007-ին արդեն իսկ զանց էր առել իր նախկին կուսակցապետ Արթուր Բաղդասարյանին՝ պաշտպանելով Հանրապետական կուսակցության թեկնածուին: Իհարկե, մի բան էր 2007թ. շարքային Բալասանյանի պաշտպանությունը, մեկ այլ բան 2012-ի՝ Գյումրու քաղաքապետ Բալասանյանինը:

Այսպիսով, կարելի է փաստել, որ Սամվել Բալասանյանն ինքն իրենով Հայաստանում քաղաքական մի նոր իրողության հիմք է դնում: Քաղաքական «գաստրոլյորությունը» հայտնի կատեգորիա է։ Հայաստանում քաղաքական «գաստրոլյորների» ցանկն ավելի քան բազմաբովանդակ է, սակայն Բալասանյանին այսուհետ նման որակում տալ չի կարելի: Սամվել Բալասանյանն արդեն վաղուց վեր է նման նեղ, սահմանափակ ընդգրկում ունեցող հասկացություններից: Բալասանյանին ամենաքիչը հարկավոր է «լայն սպեկտրի քաղաքական գործիչ» անվանել, սակայն որակումը երևի թե դեռ ճշգրտման և սրբագրման կարիք ունի: Բալասանյանն ավելին է, քան նեղ կուսակցականը, նա, կարելի է ասել, «բազմակուսակցական» է և, այս առումով, թերևս միակն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում՝ հատկապես նման «տարողունակ ճակատի» առկայությամբ, որտեղ (սա ևս արժե ինչպես հարկն է գնահատել) միայն առաջատար կուսակցությունների «գրեր» են. Բալասանյանը երկրորդական կուսակցությունների հետ գործ չունի:

Այն, որ Սամվել Բալասանյանն արդեն վաղուց է անցել քաղաքական տրիվիալ հասկացություններն ու ըմբռնումները և ինքն իրենով դարձել է միանգամայն նոր իրողությունների «մունետիկ», հատկապես վերջին շրջանում այլևս անհնար եղավ թաքցնել: ԲՀԿ-ն ձեռնպահ է մնում խորհրդարանական ընտրություններում թիվ 35 ընտրատարածքում որևէ մեկին սատարելուց, եթե սատարեր, երևի թե պետք է սատարեր իր հետ բանակցությունների մեջ գտնվող ՀԱԿ թեկնածուին, Բալասանյանը վերցնում ու հայտարարում է, թե սատարելու է ՀՀԿ անդամ Արման Սահակյանին, քանի որ «տղայական» խոսք էր տվել: Նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն հայտարարում է, թե չի մասնակցելու և, քանի որ Ծառուկյանը չառաջադրվեց, որևէ մեկին չի էլ պաշտպանի, Բալասանյանը վերցնում ու հայտարարում է, թե սատարելու է Սերժ Սարգսյանին:

Սամվել Բալասանյանն այն գործիչը չէ, որ բավարարվի նեղ կուսակցական որոշումներով: Նրա «կալիբրը» չի կարող տեղավորվել միայն մեկ կուսակցության՝ ըստ էության, չափից ավելի սահմանափակ շրջանակներում: Հենց այդ կետից սկսած էլ Բալասանյանը դառնում է քաղաքական նոր մշակույթի հիմնադիրը հայ քաղաքական, և ինչո՞ւ միայն հայ քաղաքական՝ ընդհանրապես, քաղաքական իրականության մեջ: Ինչո՞ւ սահմանափակվել միայն մեկ կուսակցությամբ, եթե կարելի է միաժամանակ մի քանի կուսակցությունների հետ աշխատել և համապատասխանաբար ավելի մեծ օգուտ ստանալ: Անդամակցել ՕԵԿ-ին, անգամ «ճակատին ՕԵԿ գրել», հետո դուրս գալ, «գիրը» չջնջել, ցանկություն հայտնել անդամագրվել ՀՀԿ-ին՝ պատրաստակամություն հայտնելով նույն «ճակատին զետեղել» նաև ՀՀԿ, բայց հետո, երբ ցանկությունն իրականություն չդառնա, պատեհ պահին նույն առաջարկությունն անել ԲՀԿ-ին, ընդունվել (ճակատի պահն այս դեպքում էլ ուժի մեջ է), իսկ հետո արդեն բազմաբովանդակ քաղաքական կենսագրությունը դարձնելով պատվանդան՝ դառնալ քաղաքական նոր մշակույթի «մունետիկը»:

Լուսինե Կեսոյան