Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս, խոսեց նաև տրանսպորտային ոլորտում կատարած ներդրումներից' նշելով, որ 10 նոր ավտոբուսներ են բերել Գյումրի և պատրաստ են գիծ տրամադրել բոլոր նրանց, ովքեր ի վիճակի կլինեն նմանատիպ գեղեցիկ ավտոբուսներ բերել, որպեսզի ձերբազատվեն հնամաշ միկրոավտոբուսներից:
Քաղաքապետը նաև ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի կարգավորեն քաղաքակիրթ երթևեկությունը, օրինակ' վարորդները ոչ թե հակահիգենիկ տեսքով, այլ սափրված գան աշխատանքի, ավտոբուսներում հնչող երաժշտությունը չազդի բնակիչների նյարդերի վրա և այլն: Նա տեղեկացրեց նաև, որ սկսել են ցուցանակներ խփել ու կանգառներ տեղադրել Գյումրիում (70 կանգառ են տեղադրել), մի բան, որ վաղուց մոռացության էր մատնված ավերակ այս քաղաքում:
Այնուհետ խոսեց տրանսպորտի գնի թանկացումից' նշելով. «Գիտեմ, որ այդ հարցը ինձ տալու եք, բայց դրա հետ կապված միանգամից պատասխանեմ, որ ես դեմ եմ որևէ թանկացման: Ես դեմ եմ, չկա այդպիսի բան, որովհետև սոցիալական էս վիճակում գտնվող մարդկանց չի կարելի ուղղակի ասել, թե գիտեք ինչ կա գազը թանկացել և այլն, և այլն: Բայց համենայնդեպս կան մարդիկ, որոնք իրենց կազմակերպություններն են, մրցույթը շահել են, եթե նման առաջարկություն լինի, կքննարկենք հրապարակային թափանցիկ, որպեսզի կարողանանք նորից մի ձևի շարունակել մեր տրանսպորտային ծառայությունը»: