Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հիմնավոր չի համարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրինության փաստարկներն՝ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ: Նա Ազգային ժողովում մասակցում էր ՀՀԿ խմբակցության պատգամավորների և ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հանդիպմանը, և լրագրողների հետ զրույցում նշեց, որ թե փաստարկները, որ բերում է ՀԷՑ տնօրինությունը, հիմնավոր չեն, իսկ հանդիպման ընթացքում հնչած հարցերին հստակ պատասխաններ չեն տրվել: «Բոլոր այն հարցերը, որոնք հնչեցին նիստի ընթացքում, պատշաճ կերպով չմեկնաբանվեցին: Մենք այս քննարկման ընթացքում բարձրացրել ենք այն բոլոր հարցերը, որոնք հուզում են մեր հասարակությանը: Դրանք վերաբերում են ինչպես ՀԷՑ-ի այն ճոխություններին ու շռայլություններին, այնպես էլ կորուստներին, որոնց մասին տպագրվել է նաև մամուլում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

 

 

Պատգամավորի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագանի վերաբերյալ ցանկացած հայտ պետք է «գերճշմարիտ և գերհամոզիչ» լինի: «Թեև ես մասնագիտությամբ էներգետիկ չեմ, բայց այն փաստարկները, որոնք ներկայացվեցին, իմ համոզմամբ՝ համոզիչ չէին»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ նույն տեսակետը հայտնել է նաև քննարկման ժամանակ:

 

 

Ֆարմանյանը հայտնեց, որ Բիբինին հարցեր են տվել ինչպես պատգամավորները, այնպես էլ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարն ու ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: