էլեկտրաէներգիայի սակագների վերանայման շուրջ Ազգային ժողովում և հասարակության տարբեր հատվածներում ընթացող բանավեճերը ցույց են տալիս, որ այդ հարցում անտարբեր մարդիկ չկան, ինչը հասկանալի է, քանի որ հարցը վերաբերում է յուրաքանչյուրի կենցաղին և բիզնեսին: Այս մասին էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում իր ելույթում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվ անդ Զախարյանը: «Մյուս կողմից, պարզ է դառնում, որ շատ հաճախ բանավիճողների մոտ պակասում են բավարար փաստերը և մասնագիտական գիտելիքները, որպես հիմնական փաստարկ ներկայացվում են զգացմունքները: Այդ քննարկումներում անտեսվում են վերջին տարիներին էներգահամակարգում իրականացված լուրջ աշխատանքները, որոնք հիմնված են եղել այս ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականության վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

 

 

Զախարյանն ընդգծեց, որ օրենսդրական փոփոխությունները, ՀՀ կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները լուրջ հետաքրքրություն են ստեղծել էներգետիկ ոլորտում ներդրումների իրականացման հանդեպ: Արդյունքում՝ գործարկվել են 680 մեգավատ լրացուցիչ հզորություններ ջերմային կայաններում և 250 մեգավատ հզրություններ տեղական վերականգնվող էներգառեսուրսներով աշխատող փոքր կայաններում: «Դրանք բոլորը փոխարինել են Հրազդանի ՋԷԿ-ի հին և ոչ արդյունավետ աշխատող հզրություններին: Դա նշանակում է, որ դրանով կանխվեց սակա գների բարձրացման լուրջ գործոն»,- նշեց նախարարը:

 

 

Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում իրականացված ներդրումային ծրագրերը հնարավորություն են տվել նվազեցնել կորուստները՝ 2004թ. 2.27-ից հասցնելով 2014թ. 1.99 տոկոսի: Իրան-Հայաստան գազատարի կառուցումը հնարավորություն է ստեղծել նվազեցնել սակագների վրա ազդեցությունը՝ «Երևան ՋԷԿ» ընկերության կողմից իրականացվող գազ-էլեկտրաէներգիա փոխնակման տնտեսական գործարքի եղանակով: «Հայաստանի ատոմային էլեկտրակայանի աշխատանքի ժամկետի երկարացումը տալիս է էներգիայի էժան աղբյուր ունենալու հնարավորություն»,- ասաց նախարարը:

 

 

Երվանդ Զախարյանը ներկայացրեց նաև այն քայլերը, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել էներգետիկ համակարգում կայունության ապահովելու, էներգետիկ անվտանգության բարձր մակարդակ ունենալու համար: