Էլեկտրաէներգիայի աակագների բարձրացումն անխուսափելի է, քանի որ դրանով է պայմանավորված Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու էներգահամակարգերի հետագա կայուն աշխատանքը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվան Զախարյանը' անդրադառնալով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը' 3,75 դրամով բարձրացնելու էլեկտրաէներգիայի սակագները:
«Սակագների բարձրացումը հաճելի գործ չէ, և ես ոգևորված չեմ այդ թանկացումից, բայց կան հարցեր, որոնք պետք է լուծվեն: Հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր հաշվարկները, որոնք կատարվել են ընդհանուր էներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, ես համարում եմ հիմնավոր: Քայլերը, որոնք այսօր արվում են հանձնաժողովի կողմից, ևս հիմնավոր են, ուղղակի թանկացումները հաճելի չեն մեզ: Դրա համար նախագահը երեկ հանձնարարեց վարչապետին 105 հազար անապահով ընտանիքների համար մեղմել թանկացման հետևանքները»,- ասաց նախարարը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու պետք է քաղաքացին մարի մասնավոր ընկերությունների կուտակած պարտքերը' նախարարը ասաց, որ պարտքերը ձևավորվել են էներգաընկերությունների աշխատանքի արդյունքում: «Դրանք կապիտալ վերանորոգման և շահագործման ընթացքում առաջացած ծախսեր են: Օրինակ, Երևան ՋԷԿ-ում կապիլալ նորոգման համար ծախսվել է 9,5 մլն դոլար: Այդ վերանորոգումը անհրաժեշտ էր, քանի որ Երևան ՋԷԿ-ը մատչելի էնեգիա է մատակարում բաշխիչ ցանցերին»,- ասաց նա: