«ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերությունը պատրաստել Հայաստանի էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության 1-ին փուլի հաշվետվությունը: «Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի Оպերատորի կանխատեսումների և հզորությունների բեռնավորման անհամապատասխանությամբ: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված»,- նշված է հաշվետվության մեջ:
Նշվում է, որ վերջին 15 տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի վերջնական սպառողների համար բարձրացվել է ընդամենը չորս անգամ. 2009թ.՝ 24%-ով և երեք անգամ 2013-2015թթ.: Ընդ որում վերջին երեք տարիներին սակագնի գումարային աճը (70%) չորս անգամ գերազանցել է սղաճը: Կարճաժամկետ հեռանկարով նման դինամիկան կարող է թվալ դրամատիկ, սակայն բնակչության համար գործող սակագնի վերջին 15 տարիներին սղաճի դինամիկայի հետ համադրումը վկայում է համամասնության առկայության մասին:
ՀԾԿՀ որոշմամբ, 2015թ. օգոստոսից բնակչությունը պետք է վճարի 48,8 դրամ յուրաքանչյուր կՎտժ էլեկտրաէներգիայի դիմաց (+17% 2014թ. համեմատ), իսկ առևտրային ոլորտի սպառողները՝ 33,3-ից 45,8 դրամ (միջինում՝ +18%), կախված օգտագործվող լարումից: Կարգավորողի կողմից հաստատված սակագինն ԱՊՀ երկրներում ամենաբարձրներից մեկն է. 1 կՎտժ էլեկտրաէներգիան բնակչության համար գրեթե երկու անգամ ավելի թանկ է, քան հարևան Վրաստանում, և գրեթե եռակի թանկ, քան Ռուսաստանում: Ավելին, բնակչության եկամուտների համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորել է տնային տնտեսությունների ծախսերի կառուցվածքում էլեկտրաէներգիայի ծախսերի աննախադեպ բարձր՝ ավելի քան 5% մասնաբաժին, ԱՊՀ երկրների միջինում 2% մասնաբաժնի համեմատ: