Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա: Լուրեր.com-ի հետ զրույցում Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ հաշվարկ անելը դժվար է:


«Գոյություն ունի հաշվարկ, որ ամեն մի ընտանիքի ծախս` էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով, կավելանա միջինը 1000 դրամով: Իմ կարծիքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով սպասվում են 3-5%-ով թանկացումներ` սկսած տրանսպորտից, վերջացրած սնունդից և կենցաղային ապրանքներից:

 

Դուք չեք կարող մածուն պատրաստել, հաց թխել, առանց էներգիայի ծախսի: Բանն այն է, որ տարբեր ասպարեզներում տարբեր տեսակարար կշիռ ունի էներգիան:

 

Ամենաբարձրը շինինդուստրիայում է, և այդ ձեռնարկությունն արդեն կործանման եզրին է: Շինարարական ցեմենտի գործարանը վաղուց չի աշխատում:

 

Իսկ տարբեր ապրանքներում, օրինակ՝ ջերմոցային տնտեսություններում, բարձր է հոսանքի և գազի կոմպոնենտը, մի խոսքով՝ ստույգ հաշվարկ դժվար է հիմա անել, բայց այն, որ շատ բան կթանկանա, միանշանակ է»,- ասաց Պողոսյանը:

 

Վերջինս նաև հավելեց, որ գիտի ընտանիքներ, ովքեր ձմեռվա սառնամանիքին չեն ջեռուցել բնակարանը, որովհետև վճարունակ չեն, հիմա էլ կամ կսկսեն փայտ վառել, կամ սառել ու մրսել` իր հետևանքներով: