«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը.
Կառավարությունը հաստատեց «Հայփոստը» մասնավորեցնելու նախագիծը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց հավատարմագրային կառավարման հանձնված «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցնելու նախագծին: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ «Հայփոստի» մասնավորեցումը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը, ֆինանսական հոսքերի ավելացմանը, ընկերության արդիականացմանը:
«Ընկերությաւն մասնավորեցումը ենթադրում է ներդրումների իրականացում, որի արդյունքում կապահովվի «Հայփոստ» ՓԲԸ-ի ֆիզիկական ենթակառուցվածքների արդիականացումը, կիրականացվի մինչև 250 փոստային բաժանմունքի վերանորոգում, որպեսզի ընդհանուր ամբողջովին վերանորոգված լինի մինչև 500 փոստային բաժանմունք, ձեռք կբերվեն շարժական փոստային մեքենաներ, որոնցով կսպասարկվեն Հայաստանի բոլոր համայնքները՝ ներառյալ այն 250 համայնքները, որտեղ փոստային բաժանմունքներ ներկայումս չկան: Հայաստանում գրանցված բոլոր 750 հազար հասցեում կտեղադրվեն փոստարկղեր, ընկերությունում կներդրվեն ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներ, կարդիականացվեն և կբազմազանեցվեն փոստային ծառայությունները, կխթանվի միջազգային էլեկտրոնային առևտուրը»,- նշեց Սահակյանը:
Ակնկալվում է նաև, որ կընդլայնվի «Հայփոստի» արտատարածքային բաժանմունքների ցանցը Սփյուռքի ընտրված կենտրոններում՝ լոգիստիկայի խթանման միջոցով բարելավելով էլեկտրոնային առևտուրը և այլն: ««Հայփոստ» ՓԲԸ-ն կվերածվի ազգաբնակչության համար կայուն, վստահելի փոստային կապի գործունեություն իրականացնող օպերատորի, որը կունենա լայնածավալ ներկայացվածություն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում. նորարարական, արդյունավետ և շահութաբեր ընկերության, որը հնարավորություն կունենա Հայաստանի ազգաբնակչությանը մատուցել փոստային, ֆինանսական և մանրածախ ծառայություններ' ժամանակակից լավագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Այն կդառնա հաճախորդին ուղղված ֆունկցիոնալ, օպերատիվ և կոմերցիոն ընկերություն՝ նորարական ապրանքների և ծառայությունների խթանման միջոցով (զարգացնելով եռաչափ (3D) ցանցը), աշխարհի ֆիլատելիստական քարտեզում հայկական նամականիշերը պատշաճորեն ներկայացնող աչքի ընկնող կազմակերպություն»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության:
***
Մեկնարկել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հանրահավաք-երթը
Ազատության հրապարակում, ինչպես փոխանցում էլուրեր.com-ի թղթակիցը, մեկնարկել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հանրահավաք-երթը։ Այստեղ են ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, նախախորհրդարանի անդամները, Ժիրայր Սեֆիլյանը, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները:
***
ՕԵԿ-ը ևս միանում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»՝ հոսանքի սակագնի վերանայման հայտով: Ընկերությունն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի սակագինը բարձրացնել 17 դրամով: Եթե հանձնաժողովը համաձայնի՝ սպառած էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը ներկայիս 41 դրամ 85 լումայի փոխարեն կդառնա 58 դրամ 93 լումա, իսկ գիշերային սակագինը՝ 48 դրամ 93 լումա՝ ներկայիս 31.85 դրամի դիմաց:
Կայացավ «Մութ ժամեր» ակցիան, որի շրջանակներում բազմաթիվ քաղաքացիներ, ի նշան բողոքի, երկու ժամով անջատեցին էլեկտրաէներգիան, իսկ այսօր նախատեսվում է հանրահավաք-երթ՝ ընդդեմ նոր սակագնի:
ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի հետ՝ ճշտելու կմասնակցի՞ արդյոք ՕԵԿ-ը բարձրացվող սակագնի դեմ պայքարում քաղաքացիական շարժումներին, պատգամավորը պատասխանեց.
«Բոլորն են հիշում, թե ինչպես էր անցած տարի. «Օրինաց երկիրը» պայքարում էլեկտրաէներգիայի սակագնի 4 դրամ թանկացման դեմ: Մենք նույնիսկ ամռան տապին հանրահավաք հրավիրեցինք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը դատական կարգով բողոքարկեցինք: Ասելիքս այն է, որ դեռ անցած տարվանից ենք մենք սկսել պայքարը հոսանքի սակագնի բարձրացման դեմ»:
Նշեց, որ իրենց պայքարը շարունակվում է նաև այժմ, քանի որ ՕԵԿ-ը դեմ է էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացմանը, որն իր հերթին անխուսափելիորեն կբերի լայն սպառման ապրանքների նոր թանկացումների: Բազմաթիվ փաստերի համադրումը, մասնագետների հաշվարկները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավորված չէ:
«Պետք է դադարեցնել մարդկանց գրպանը մտնելու այս արատավոր գործելաոճը: Կորուստների, ՀԷՑ-ի պարտքերի համար ինչո՞ւ պետք է վճարի սպառողը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ի՞նչ կապ ունեն այդ կուտակված պարտքերի ու անհասկանալի կորուստների հետ»,- ասաց մեր զրուցակիցը:
ՕԵԿ-ի դիրքորոշումը այս հարցի հետ կապված հստակ է՝ հերթական անգամ էլեկտրաէներգիայի թանկացումը աղետալի հետևանքներ է ունենալու մեր կաթվածահար եղած տնտեսության և իր գոյությունը մի կերպ պահող հարյուր հազարավոր մեր քաղաքացիների վրա:
***
100-րդ տարելիցով ոչինչ չի ավարտվում. մինչև չհասնենք համընդհանուր ճանաչման՝ այս ուղղությամբ անդադար աշխատելու ենք. Սերժ Սարգսյան
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մինչ նիստը սկսելը, խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից հեռացած հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո Սեֆերյանի հիշատակը (Արգենտինայից):
Նիստի օրակարգը հաստատելուց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2014թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը, որի շրջանակներում Արա Վարդանյանին՝ 2015 թվականի մայիսի 27-ից երեք տարի ժամկետով, հաստատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:
Գործադիր տնօրենը ներկայացրել է հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը 2014թ. կատարած աշխատանքների մասին: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը: Այն ներկայացրել են վերստուգիչ հանձնաժողովի անդամ Վահե Ճազմատարեանը և աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչ Էմիլ Վասիլյանը: Եզրակացությունը ներկայացնելուց հետո, Վ. Ճազմատարեանը, ով վերստուգիչ հանձնաժողովի անդամի պաշտոնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում է 1991թ-ից ի վեր, պաշտոնից հրաժարական է ներկայացրել և իր փոխարեն առաջարկել իր խոսքով՝ ավելի երիտասարդ, եռանդով լի և բարձր մասնագիտական կարողություններ ունեցող Արա Ասլանի թեկնածությունը, որն ընդունվել է խորհրդի կողմից: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ճազմատարեանին՝ երկարատև և օգտակար գործունեության, մեծ նվիրումով ու սկզբունքայնությամբ իրականացրած աշխատանքի համար և խորհրդին տեղեկացրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով Վահե Ճազմատարեանին պարգևատրելու իր որոշման մասին: ՀՀ Նախագահը պետական բարձր պարգևը նիստի ժամանակ հանձնել է Վահե Ճազմատարեանին:
Հոգաբարձուների խորհուրդը ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ, բարերար Անդրանիկ Բաղդասարյանին, ով մինչ օրս հիմնադրամի ծրագրերին նվիրաբերել է շուրջ 900.000 ամերիկյան դոլար, շնորհել է Բարերար անդամի վկայական:
Օրակարգի շրջանակներում հաջորդ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2015»-ի նպատակաուղղվածության մասին հարցը զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Ներկայացված հաշվետվության և հնչած առաջարկությունների վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր նկատառումները:
«Ուզում եմ սկսել նրանից, որ ես շատ ուրախ և հպարտ եմ, որ մենք հաջողությամբ կարողացանք կյանքի կոչել 2013թ. մեր նիստում կայացրած որոշումը և հիմնադրամին պատկանող ու Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող կիսաքանդ շենքը կարողացանք «Փյունիկ» հիմնադրամի հետ համագործակցությամբ վերածել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի: Մենք այդ թանգարանը բացեցինք այս տարվա հունվար ամսին' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին զուգահեռ և, կարծում եմ, որ բոլորդ առիթ ունեցել եք կա՛մ ներկա գտնվելու այդ արարողությանը, կա՛մ էլ հետագայում այցելելու թանգարան: Իսկ ով չի եղել, առաջարկում եմ՝ ձեր ժամանակից հատկացրեք մի փոքրիկ հատված, գնացեք և տեսեք, որ, իրոք, այդ թանգարան-ինստիտուտը կարող է պատիվ բերել ցանկացած երկրի: Իրոք, մենք ստացանք այդ վայրին և մեր մեծ մտավորականին վայել, նրա հիշատակին հարիր մի միջավայր, որը շատ մեծ օգուտ է բերելու թե՛ մեր երիտասարդությանը կրթելու, թե՛ զբոսաշրջիկներին մեր մշակույթը ներկայացնելու և թե՛ կոմիտասագիտությունը զարգացնելու առումով: Եվս մեկ անգամ պետք է բոլորս շնորհակալություն հայտնենք «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, մեր խորհրդի անդամ պարոն Գաբրիել Ջեմբերջիին (Ջամբարջյան), ում անշահախնդիր նվիրատվությամբ իրականացվեց այդ ծրագիրը: Պետք է նաև հավելեմ, որ այս տարվա ապրիլի 23-ին պանթեոնում՝ այդ թանգարանի հարևանությամբ, Վեհափառ Հայրապետը հողօրհնեք կատարեց, և այնտեղ մենք դարձյալ բարերարի՝ մոսկվաբնակ Սամվել Կարապետյանի միջոցներով, սկսում ենք Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումը, որը մեր քաղաքի այդ հատվածը կամբողջականացնի և կդառնա շատ գեղեցիկ ու մեզ բոլորիս վայել մի լավ հատված:
Երկրորդ. պետք է շատ հակիրճ անդրադառնամ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Սկսեմ նրանից, որ բոլորիս հայտնի է, որ այդ միջոցառումների կառավարման համար մեր խորհրդի նախագահության համաձայնությամբ ձևավորվեց առանձին տնօրինություն, որն էլ դարձավ այդ միջոցառումների իրավական և ֆինանսական սպասարկման հիմնական օղակ: Միջոցառումները ֆինանսավորվել են և այսօր էլ շարունակվում են ֆինանսավորվել բացառապես մասնավոր նվիրատվությունների հաշվին: Մեր բազմաթիվ հայրենակիցներ, այս անգամ՝ հիմնականում Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր գործարարներն ու կառույցները հովանավորեցին ամբողջական, մեծ ծրագրեր' «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովից մինչև Ծիծեռնակաբերդում ոգեկոչման արարողություն, «Սիսթեմ օֆ ը դաուն» խմբի համերգից մինչև «Վերածնունդ» համերգ-ակցիան, որին մասնակցեցին տասնյակ երկրներ ներկայացնող հարյուրից ավելի երաժիշտներ, և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Սրբադասման արարողությունը, որի հովանավորն էր Հայ բարեգործական ընդհանուր միությունը:
Գիտեք, որ օրեր առաջ հայկական տաղավարը դարձավ ժամանակակից արվեստի թերևս ամենահայտնի Վենետիկի բիենալեի հաղթողը: Այս օրերին ողջ աշխարհով մեկ շարունակվում են ցուցահանդեսներ, համերգաշարեր, գիտական կոնֆերանսներ, հրատարակվում են նոր գրքեր, բեմադրվում են ներկայացումներ: Այսօր էլ այդ ծրագրերը, բնական է, որ աջակցության կարիք ունեն, ուստի կարևորում եմ բոլորի ակտիվ մասնակցությունը դրանց ֆինանսավորմանը: Ու նաև շատ կարևորում եմ մեր ակտիվ հայրենակիցների մասնակցությունն այդ միջոցառումներին: Մի քանի օր հետո սկսվելու է Կաննի փառատոնը, որի գլխավոր հյուրը Հայաստանի Հանրապետությունն է, և որտեղ հիմնականում հնչելու են մեր կոմպոզիտորների ու առաջին հերթին՝ Կոմիտասի ստեղծագործությունները: Կարծում եմ՝ շատ-շատերն են որպես զբոսաշրջիկ գնում Կանն, և եթե համատեղեք այդ հանգիստը հիշյալ միջոցառմանը մասնակցելու հետ, ապա, կարծում եմ, միջոցառումը շատ ավելի արդյունավետ կլինի:
Հաջորդ նիստին 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը մեզ կներկայացնի մանրամասն ֆինանսական և բովանդակային հաշվետվություն' ներկայացնելով նաև անհրաժեշտ աուդիտորական եզրակացությունը: Այս անգամ մենք ընտրել ենք հետևյալ ճանապարհը. առաջարկել ենք հովանավորներին ծրագրեր ու այդ ծրագրերի մոտավոր հաշվարկ և նաև առաջարկել ենք, որպեսզի իրենք անձամբ իրականացնեն տվյալ միջոցառումները, անձամբ կատարեն ֆինանսական պարտավորությունները՝ իրենց վստահելի անձանց միջոցով: Բայց պետք է ասեմ, որ գրեթե այդպիսի դեպքի չենք հանդիպել, և բոլորը հաճույքով մանրամասն ծանոթանալով ծրագրի բովանդակությանը, առաջարկել են, որպեսզի այդ միջոցներն օգտագործվեն տնօրինության կողմից, այնուհետև նրանց ներկայացվի հաշվետվություն, ինչը մենք հաճույքով կանենք:
Այս տարվա սեպտեմբերին Անկախության տոնի շաբաթը լեցուն է լինելու իրադարձություններով: Այն կավարտվի սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Մյուռոնի օրհնության արարողությամբ: Նույն օրերին կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը: Այդ իսկ օրերին մենք անպայման անդրադարձ կկատարենք մեր այն բարերարներին, հանձնաժողովի անդամներին, տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին, ովքեր ջանք չեն խնայել 100-րդ տարելիցը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար: Ինչո՞ւ եմ ես սա շեշտում, որովհետև մենք որոշակի խրախուսական միջոցառումներ իրականացնելու ենք նաև Մայիսի 28-ին: Ուղղակի, ուզում ենք ամբողջը ի մի բերել, որպեսզի կարողանանք տարբերակված և օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել: Դրա համար մեզ որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Տեղեկատվության կարգով ասեմ, որ մենք տարվա վերջին նաև անդրադառնալու ենք բոլոր այն պաշտոնատար անձանց, ովքեր մասնակցել են այդ միջոցառումներին և նրանց էլ ենք գնահատական տալու և խրախուսական միջոցառումներ ենք իրականացնելու: Սա պայմանավորված է նաև նրանով, որ ամբողջ տարվա ընթացքում ենք միջոցառումներ ունենալու և չենք համարում, որ 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներն ավարտվում են. դեռևս շատ մեծ միջոցառումներ ունենք: Գոնե արդեն անցկացված միջոցառումները վկայեցին, որ մեր համախմբվածությունը, միասնական գործելը կարող է շատ-շատերի կամ գրեթե բոլորի համար անսպասելի արդյունք տալ, կարող է լուծել խնդիրներ, որոնք կենսական նշանակություն ունեն մեր ժողովրդի համար:
Ես կարծում եմ, որ բոլորս միասին առիթ ենք ունենալու ամբողջովին վերլուծելու 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարված աշխատանքը և ոչ միայն նրա համար, որպեսզի ցույց տանք, թե մարդիկ որքան ակտիվ մասնակցեցին, այլ որպեսզի նաև հետևություններ անենք և հաջորդ տարիներին այդ միջոցառումներն ավելի արդյունավետ դարձնենք: 100-րդ տարելիցով ոչինչ չի ավարտվում: Մինչև մենք չհասնենք համընդհանուր ճանաչման՝ այս ուղղությամբ անդադար աշխատելու ենք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: