Արդեն հասկանալի է, որ այս անգամ Հայաստանում սպառողի համար նույնպես գազի գինը կիջնի, չնայած այն բանին, որ Ռուսաստանը երկրորդ անգամ է իջեցնում գազի սակագինը սահմանին, բայց առաջին անգամ, չգիտես թե ինչու, այդ իջեցումից սովորական սպառողները չէին օգտվել: Այդ մեկը մարսեցին, բայց երևի վախենալով, որ այս մեկը չեն մարսի՝ որոշեցին այս անգամ այնուամենայնիվ սպառողի համար էլ իջենցնել գինը, և «Գազպրոմ Արմենիան» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին արդեն առաջարկել է մոտավորապես 9,3 դրամով իջեցնել գազի սակագինը սպառողների համար 1խ/մ-ի դիմաց, ինչը, ըստ տնտեսագետների' կարող է հանգեցնել նաև էլեկտրաէներգիայի սակագնի՝ 2-3 դրամով նվազեցման:

 

Վերջինն այս դեպքում նույնպես հավանական է, որ կլինի, սակայն կառավարությունը և ՀԾԿՀ-ն կարող են դա հանրությանը ներկայացնել որպես իրենց մեծ շնորհ և այս ամենը մատուցել լավության տեսքով: Այսինքն՝ բոլորս էլ լավ հիշում ենք անցած տարի 7 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի անհիմն բարձրացումը, նաև այդ անհիմն բարձրացման առավել անհիմն հիմնավորումը, թե իբրև դրանով պարքերը պետք է մարվեն:

 

Իսկ այդ պարտքերը հավերժ չպետք է մարվեին, դրանք մի օր պետք է վերջանային, և էլեկտրաէներգիայի սակագինը սպառողի համար նորից դառնար առաջվանը, այսինքն՝ իջեցվեր 7 դրամով: Իսկ ինչո՞ւ չի իջեցվում: Թե՞ այդ մասին արդեն մոռացվել է...

 

Ակնկալվող 2-3 դրամ իջեցումն էլ որևէ կապ չունի վերը նկարագրվածի հետ, այլ դա ընդամենը Ռուսաստանի իշխանությունների կողմից արված քայլի արդյունքն է: Դա ռուսներն են իջեցնում, և մեր կառույցների ու տեղական ընկերությունների կողմից իրականացվող թալանի չափը դրանից բնավ չի նվազում:

 

Կարեն Վարդանյան