«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»՝ հոսանքի սակագնի վերանայման հայտով: Ընկերությունն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի սակագինը բարձրացնել 17 դրամով: Եթե հանձնաժողովը համաձայնի՝ սպառած էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը ներկայիս 41 դրամ 85 լումայի փոխարեն կդառնա 58 դրամ 93 լումա, իսկ գիշերային սակագինը՝ 48 դրամ 93 լումա՝ ներկայիս 31.85 դրամի դիմաց:

 

Կայացավ «Մութ ժամեր» ակցիան, որի շրջանակներում բազմաթիվ քաղաքացիներ, ի նշան բողոքի, երկու ժամով անջատեցին էլեկտրաէներգիան, իսկ այսօր նախատեսվում է հանրահավաք-երթ՝ ընդդեմ նոր սակագնի:


ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի հետ՝ ճշտելու կմասնակցի՞ արդյոք ՕԵԿ-ը բարձրացվող սակագնի դեմ պայքարում քաղաքացիական շարժումներին, պատգամավորը պատասխանեց.

 

«Բոլորն են հիշում, թե ինչպես էր անցած տարի. «Օրինաց երկիրը» պայքարում էլեկտրաէներգիայի սակագնի 4 դրամ թանկացման դեմ: Մենք նույնիսկ ամռան տապին հանրահավաք հրավիրեցինք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը դատական կարգով բողոքարկեցինք: Ասելիքս այն է, որ դեռ անցած տարվանից ենք մենք սկսել պայքարը հոսանքի սակագնի բարձրացման դեմ»:

 

Նշեց, որ իրենց պայքարը շարունակվում է նաև այժմ, քանի որ ՕԵԿ-ը դեմ է էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացմանը, որն իր հերթին անխուսափելիորեն կբերի լայն սպառման ապրանքների նոր թանկացումների: Բազմաթիվ փաստերի համադրումը, մասնագետների հաշվարկները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավորված չէ:

 

«Պետք է դադարեցնել մարդկանց գրպանը մտնելու այս արատավոր գործելաոճը: Կորուստների, ՀԷՑ-ի պարտքերի համար ինչո՞ւ պետք է վճարի սպառողը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ի՞նչ կապ ունեն այդ կուտակված պարտքերի ու անհասկանալի կորուստների հետ»,- ասաց մեր զրուցակիցը:

 

ՕԵԿ-ի դիրքորոշումը այս հարցի հետ կապված հստակ է՝ հերթական անգամ էլեկտրաէներգիայի թանկացումը աղետալի հետևանքներ է ունենալու մեր կաթվածահար եղած տնտեսության և իր գոյությունը մի կերպ պահող հարյուր հազարավոր մեր քաղաքացիների վրա: