Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Հայաստանի էլեկտրական ցանցերի կորուստների նվազում է կանխատեսում, քանի որ ՀԷՑ-ի վաճառքից հետո ակնկալում է ցանցերի ավելի լավ կառավարում: Սակայն այս ամենից էլեկտրաէներգիայի սակագնի նվազում չի սպասվում: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մ անուկյանի հարցին, Երվանդ Զախարյանը նշեց, որ ներկա պահին կորուստների նվազումը չի կարող հիմք հանդիսանալ էլետրաէներգիայի սակագինը իջեցնելու համար:

 

 

«Մենք հնարավոր չենք համարում այս գործոնի հիման վրա էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման հայտ ներկայացնել, քանի որ կորուստների նվազման տվյալները, որը դուք հնչեցնում եք, հիմնավորված և փաստաթղթավորված չեն: Եթե անգամ կա կորուստների նվազում, ապա դա չի համապատասխանում այն նորմատիվներին, որոնք սահմանված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, քանի որ երկար տարիներ ՀԷՑ-ի կորուստներն ավելի մեծ են եղել, քան հանձնաժողովի կողմից հաստատված կորուստները: Եթե անգամ այսօր կա կորուստների նվազեցման հնարավորություն, ինչում մենք համոզված ենք, քանի որ ակնկալում ենք ավելի լավ կառավարում, ապա դա նվազեցնելու է ցանցերի վնասները, սակայն ներկա փուլում այդ մասով էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հնարավորություն չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանեց նախարարը:

 

 

Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցադրմանը՝ սահմանի վրա ռուսական գազի գնի նվազման հետևանքով էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորության վերաբերյալ՝ Երվանդ Զախարյանը հստակեցրեց, որ այս ուղղությամբ ևս էլեկտրաէներգիայի սակագնի նվազում չի կարող լինել: Նա մանրամասնեց, որ սահմանի վրա Ռուսաստանից գնվող գազի գնի նվազումից առաջացող հավելյալ գումարներով ծածկվելու են այն կորուստները, որոնք եղել են դոլար-դրամ տատանումների հետևանքով, ինչպես նաև օգտագործվելու են գազամատակարարման համակարգի արդիականացման համար: «Ուստի, ելնելով այս ամենից, այս ուղղութամբ ևս էլեկտրաէներգիայի սակագնի նվազում հնարավոր չէ»,- եզրափակեց Զախարյանը: