Կառավարության կառուցվածքային հնարավոր փոփոխությունների վերաբերյալ մամուլը շարունակում է հրապարակումները: Երեկ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նախարարի աթոռից թոշակի է գնալու: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նախարարը ո՛չ հերքեց, ՛ոչ էլ հաստատեց տեղեկությունը:
«Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, ով գրել է, նրան հարցրեք»,- ասաց նախարարը:
Հարցին՝ իր պաշտոնանկության մասին ինքը որևէ տեղեկություն չունի՞, նախարարը տվեց բացասական պատասխան: «Ոչ, չունեմ, ես տեղյակ չեմ, թողեք աշխատենք, ի՞նչ եք ուզում»,- մի քիչ վրդովված պատասխանեց Երվանդ Զախարյանը:
Ավելացնենք, որ ըստ հրապարակման՝ ՏԿԱԻՆ-ի տարանջատումից բացի, նախատեսվում է նաև Պետական եկամուտների կոմիտեն առանձնացնել Ֆինանսների նախարարությունից, որտեղ նախարար կնշանակվի Միջազգային տնտեսական ինտեգրման և տնտեսական բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, իսկ ՀՅԴ-ական Արա Նռանյանը կնշանակվի փոխնախարար: Գագիկ Խաչատրյանը կրկին կղեկավարի ՊԵԿ-ը: