Ներկայումս ՀՀ էներգետիկայի նախարարի աթոռը զբաղեցնող պաշտոնյան հայ հասարակության զգալի կողմից միշտ եղել է, մեղմ ասած, չսիրված պաշտոնյաներից մեկը: Մանավանդ Երվանդ Զախարյանը հաճախ է աչքի ընկել իրականությանը հակասող իր մեկնաբանություններով ու հայտարարություններով: Դեռ օրեր առաջ էր նախարարը «պատասխանատու» կերպով հայտարարել, որ քաղաքացիներն էլեկտրաէներգիայի դիմաց 42 դրամ են վճարում, այլ ոչ թե 49՝ չնշելով այն հանգամանքը, որ ձմեռվա ամիսներին շատ քչերն են կարողանում ամսական 250կվ/ժ-ից պակաս էլեկտրաէներգիա օգտագործել, հետևաբար՝ ճնշող մեծամասնությունը 49 դրամով է վճարում: Մեկ ստից ընդամենը 5-6 օր անցավ, և հաջորդեց հաջորդ սուտը. նախարարն ասել է, թե Իրանը Հայաստանին երբեք ռուսականից ավելի էժան սակագնով գազ չի առաջարկել, և իբրև թե Հայաստանում Իրանի դեսպանն էլ երբեք նման հայտարարություն չի արել:
Երևի թե շատերը կհիշեն, որ դեռ 2013-ի դեկտեմբերին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ռաիսին հանդես էր եկել ասուլիսով, որի ժամանակ բացահայտ ակնարկել էր, որ եթե Իրանը մի երկրի կարող է գազը վաճառել 400 դոլարով, ապա մեկ այլ երկրի կարող է վաճառել 100 դոլարով, դա ընդամենը բանակցելու խնդիր է...
Կարծում եմ՝ բոլորին էլ պարզ է, որ որևէ երկրի դեսպան ինքնագլուխ հայտարարություններ անելուց միշտ կխուսափի, և դեսպանի յուրաքանչյուր խոսքը կարող է հստակ մեսիջ լինել: Եթե Իրանի դեսպանը ժամանակին նման բան էր ասել Հայաստանի լրատվամիջոցների ներկայությամբ, ուրեմն առնվազն ինչ-որ հիմքեր պետք է ունենար դրա համար: Այդ ասուլիսն էլ լուսաբանվել է մի շարք լրատվամիջոցների կողմից, և հրապարակումները համացանցում կարելի է այսօր էլ գտնել: Բայց Երվանդ Զախարյանն այդքանով հանդերձ պնդել է, որ «որոշ թերթերի» գրածը չի համապատասխանում իրականությանը, այսինքն, ըստ նրա՝ լրատվամիջոցները ստում են:
Բայց կոնկրետ ինձ, չգիտես ինչու, թվում է հակառակը՝ նորից ստում է Երվանդ Զախարյանը, մանավանդ որ նախարարը նաև ասել է. «Թող ձեզ չթվա, թե մենք այստեղ նստած ինչ-որ այլ բաներով ենք զբաղված»: Բայց խնդիրն այն է, որ ինձ հենց այդպես էլ թվում է: Տեսնես՝ միայն ի՞նձ է այդպես թվում...
Կարեն Վարդանյան