Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նարինյանի նախագահությամբ նշանակված էր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների գործով առաջին նախնական դատական նիստը: 


2015 թվականին, երբ նաիրիտցիները դեռ պայքարում էին իրենց՝ տարիների չվճարված աշխատավարձերը ստանալու համար, նրանց, բառացիորեն, ստիպեցին ստորագրել պայմանագիր, որով վերջիններս հրաժարվում են աշխատավարձերի ուշացումից առաջացած տույժ տուգանքներից: Նաիրիտցիներն այն ժամանակ, ելնելով սոցիալական ծանր պայմաններից, ստորագրեցին պայմանագիրը, որը, ինչպես հետո պնդում էին նրանք, ստորացուցիչ էր: Չստորագրելու դեպքում գործարանի աշխատակիցներին նույնիսկ մայր գումարը չէր տրվի:

 

Ի դեպ՝ այդ ժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը Երվանդ Զախարյանն էր, իսկ վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը: Նրանք նաիրիտցիներին պայմանագրերը ստորագրելու ժամանակ ասել էին՝ ոչ մի դրամ չեն ստանա, եթե չստորագրեն տույժ-տուգանքներից հրաժարվելու պայմանագիրը: Աշխատավարձի մայր գումարը ստանալուց հետո, երբ նաիրիտցիները սկսեցին պայքարել գործարանի վերագործարկման համար, նախարար Զախարյանը, ոչ ավել, ոչ պակաս՝ ասել էր. «աշխատավարձերը տվեցինք, էլի ձեզանից չպրծանք»: Լրատվամիջոցներով այս մասին այն ժամանակ բազմիցս հայտարարում էին գործարանի աշխատակիցները:

 

Հայցվորներ Սաթենիկ Մաճկալյանը, Տիգրան Մինասյանը և Մայրանուշ Քարտաշյանը պահանջում են չեղարկել 2015 թվականին կնքված պայմանագրի 2 կետը, որում նշված է, որ ստորագրողը հրաժարվում է աշխատավարձի ուշացման տույժ- տուգանքներից: 

Պատասխանող կողմը՝ «Նաիրիտ 2»-ը ներկա չէր դատավարությանը, սակայն դատն առանց պատասխանող կողմի էլ շարունակվեց: Դատավոր Նարինյանը կողմերին ծանոթացրեց իրենց իրավունքները, պարտականությունները: Հայցվորներն իրենց խոսքում նշեցին, թե ինչ պայմաններում են ստորագրել այդ պայմանագիրը և թե ինչու են հիմա պահանջում այն չեղարկել: Նաիրիտցիների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այդ պայմանագիրը հակասում է ՀՀ օրենսդրությանը, քանի որ կնքվել է ստրկացուցիչ հանգամանքներում: 


Դատավորը հայցվոր կողմի վրա դրեց այդ ամբողջ ասածն ապացուցելու պարտականությունը: Այսինքն՝ նաիրիտցիները պետք է ապացուցեն, որ իրենք կարիքից դրդված են ստորագրել այդ պայմանագիրը կամ այլ կերպ ասած՝ այն կնքվել է ստրկացուցիչ հանգամանքներում: Այս դատական նիստի ընթացքում հայցվորները չկարողացան ներկայացնել ապացույցներ, սակայն խոստացան հաջորդ դատական նիստի ժամանակ ներկայացնել բժշկական տեղեկանքներ, բուհերից ուսման վարձավճարի տեղեկանքներ, որոնք կապացուցեն, որ իրենք, կարիքից դրդված՝ այդ պահին ստորագրել են պայմանագրերը, հակառակ դեպքում՝ անգամ մայր գումարը չէին ստանալու: 

 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 27-ին, ժամը 16:00-ին: Դահլիճում հավաքված նաիրիտցիները բողոքեցին, թե ինչու այդքան ուշ, սակայն դատարանը որոշումն անփոփոխ թողեց: 

Մանրամասները՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան