Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին է, որ էլեկտրաէներգիան 17 դրամով թանկացնելու ՀԷՑ-ի հայտը հիմնավոր չէ և մերժվելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, և դրան համաձայն չեն լինի նաև է պատգամավորները: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ բնական է ու հասկանալի, որ որևէ մեկի համար ցանկալի չէ հոսանքի թեկուզ մեկ դրամով թանկացումը: «Ես գրեթե համոզված եմ, որ այդ 17 դրամով թանկացնելու առաջարկը մերժվելու է պատգամավորների և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Համենայնդեպս, մասնագետների առաջին գնահատականներն այն են, որ այդ 17 դրամը շատ է: Որևէ մեկի համար թեկուզ մեկ դրամի թանկացումը ցանկալի չէ, սակայն կա նաև օբյեկտիվ թանկացում: Կքննարկենք, կտեսնենք, թե որքանով է այդ հայտը հիմնավոր, և առաջարկվող թանկացումն՝ օբյեկտիվ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

 

 

Նա հավելեց, որ ցանկացած երկրում տնտեսական և քաղաքական իրվաիճակի պատասխանատուն իշխանություններն են, և այս հարցում էլ Հանրապետական կուսակցությունը չի խուսափում պատասխանատվությունից: «Ես արդեն մեկ անգամ ասել եմ, որ դեմ եմ անհարկի թանկացումներին: Սակայն, հիմա չեմ կարող ասել, թե որքանով է այդ թանկացումը հիմնավոր: Դա կկարողանամ ասել խորհրդարանական լսումերից հետո»,- նկատեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

 

 

Շարմազանովը հայտնեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման թեմայով խորհրդարանական լսումները, հավանաբար, տեղի կունենան հունիսի 12-ին: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ լսումներն անցկացվեն փակ ռեժիմով: «Ես կարծում եմ, որ փակ ռեժիմով աշխատանքն առավել արդյունավետ է: Դուք հիշում եք, որ անցյալ տարվա վերջին փոխարժեքի տատանումների վերաբերյալ լսումները մենք անցկացրեքին փակ ռեժիմով, ինչի արդյունքում մեր աշխատանքն իսկապես արդյունավետ էր: Ես կարծում եմ, որ նման հարցերի ժամանակ տեսախցիկներն ավելորդ են: Սակայն, սա ընդամենը իմ կարծիքն է: Լսումները կանցնեն փակ թե բաց ռեժիմով՝ մենք դեռ կքննարկենք»,- հայտնեց ԱԺ փոխնախագահը: