Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում գյուղաբնակները ցորենի բերք չեն ստացել: Պատճառը անորակ սերմացուն է եղել: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում հայտնեցին Մարմաշեն համայնքի բնակիչները: Նրանց խոսքերով՝ վատորակ սերմացուն դեռեւս նախորդ տարի են շուկայից գնել, այս տարի էլ հողին են հանձնել ու արդյունքը գոհացնող չի եղել: «Հմի մենք ստիպված քաղաքից ալյուր պտի առնինք, որ հաց ունենանք: Մեծ հույսով առանք, որ գոնե ձմեռը հացի խնդիր չունենանք, բայց սերմը լավը չէր»,- մեզ հետ զրույցում նշեց Մարմաշեն համայնքի բնակիչ Արտյոմ Մանասյանը: Նրա խոսքերով՝ ֆինանսական միջոցների բացակայությունը պատճառ դարձավ, եւ հողը ժամանակին ոռոգել չեն կարողացել:
Հակառակ ցորենի վատ բերքին՝ գյուղաբնակները գոհունակությամբ են նշում, որ բանջարանաբոստանային կուլտուրաների բերքն այս տարի աննախադեպ առատ է: «Կարտոլ ենք մշակել, լավ է, գոհ ենք, անցած տարվա համեմատ էս տարի բերքը լավ է, տղա ջան, մենակ խնդիր կա, թե ինչղ ծախենք»,- իր մտահոգությունը հայտնեց գյուղի բնակիչներից Անուշ Սարգսյանը: Ըստ գյուղաբնակների՝ իրենք ունեն բերքի իրացման խնդիր: Գյումրու շուկայում իրացնել ոչ բոլորը կարող են, քանի որ ապրանքը շուկա հասցնելու խնդիր ունեն: Բացի այդ, ըստ մարմաշենցիների՝ իրենք վերավաճառողներին ապրանքը հանձնել չեն ցանկանում, քանի որ նրանք անհամեմատ էժան գնով են ապրանքը վերցնում: «Հմի ի՞նչ էնենք, բանկից փող ենք վերցրել, սերմ բան առել ցանել ենք, փառք Ատծո, բերքը շատ լավ է, դե եթե գուզեն գյուղացուն օգնած լինեն, թող օգնեն ծախենք: Ամեն անգամ կխոսան, ելույթ կունենան, թե գյուղացու հետ ենք, կողքն ենք ու էլ չիդեմ ինչեր: Հմի եթե պտի չկանգնին, մեզ էլ պետք չեն»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց Մարմաշեն համայնքի բնակիչ, 71-ամյա Կարապետ Հակոբյանը:
Իրացման խնդրի վերաբերյալ գյուղաբնակները պատրաստվում են դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, չնայած որ նրա հետ հույսեր գյուղաբնակները չեն կապում: «Ի՞նչ նախարար, տղա ջան, մենք իրա երեսը տեսած չկանք, ոչ գուկա, ոչ օգնություն ցույց կուտան մեզի: Էն օրը տեսանք գնացել էր գյուղերը հիացած կխոսար, քիչ մնար հավատայինք»,- շարունակեց Կարապետ Հակոբյանը:
Մանրամասները` այստեղ: