Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանը գիտական հանրության առջև ներկայացրել է իր թեկնածուական ատենախոսությունը՝ «Լոլիկի տեղական և ներմուծված սորտերի ու հիբրիդների ագրոկենսաբանական և քիմիատեխնոլոգիական առանձնահատկությունները» թեմայով:
65-ամյա նախարարի ատենախոսության պաշտպանությունը տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Սերգո Կարապետյանի մամուլի քարտուղար Անի Սմբատյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ նիստի մասնակից խորհրդի անդամները քվեարկել են միաձայն:
Թե ինչ կտա այս գիտական աստիճանը Սերգո Կարապետյանին, կերևա մոտ ապագայում նոր կառավարության ձևավորման ժամանակ:
Նկատենք, որ գիտական աստիճանի արժանանալու ճանապարհին է նաև քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ով 4 գիտական հոդվածների հեղինակ է, բայց դեռ չի պաշտպանել։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում, բայց թեզը չի պաշտպանել և գիտական աստիճան չունի: Գիտական աստիճաններ չունեն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բժշկական գիտությունների թեկնածու է, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ փիլիսոփայության դոկտոր, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ տնտեսագիտության թեկնածու, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ բժշկական գիտությունների թեկնածու, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ քաղաքական գիտությունների թեկնածու, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու: