ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ խորհրդակցություն է անցկացվել Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի ԳԱՄԿ-երի և Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է, որ շարունակվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատանքային կոլեկտիվների նախորդ տարվա գործունեության հաշվետվությունների և ընթացիկ տարվա խնդիր ների քննարկումները:

 

Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչն ասել է, որ նշված կենտրոններն իրենց գործունեությամբ գնալով ավելի պահանջված ու կարևոր են դառնում գյուղացու համար' մատուցելով անհրաժեշտ խորհրդատվություն ու տեղեկատվություն գյուղատնտեսության համալիրին առնչվող բոլոր խնդիրների ու աշխատանքների համար: Այս առումով ներկայացված բոլոր հաշվետվությունները նման էին: Նախորդ տարվա համար ծրագրված աշխատանքները կատարվել են, այսօր ար դեն ընթացքի մեջ են այս տարվա համար սահմանված ծրագրերը, որոնք նույնպես, ըստ զեկուցողների, լավատեսության հիմքեր ունեն:

 

Այլ են եղել, սակայն, նախարար Սերգո Կարապետյանի մոտեցումներն ու պահանջները քննվող հարցերին: «Ի՞նչ է արվել գյուղացու վստահությանն արժանանալու համար: Ի՞նչ նոր ծառայություններ են մատուցվում նրան: Եվ արդյոք դա բավարար է մարզային խնդիրներին նորովի մոտենալու, առկա ներուժը լիովին օգտագործելու, արտաբյուջետային եկամուտներ ապահովելու համար»,- նշել է նախարարը:

 

Նա մասնակիցների ուշադրությունը հրավիրել է նաև կադրերի կոմպետենտության վրա: «Գյուղացին պետք է ստանա ամենաթարմ և ամենաարդյունավետ խորհրդատվությունը, իսկ այն կարող է մատուցել միայն գիտակ և իր պարտականությունների հանդեպ պատասխանատու մասնագետը»,- պահանջել է նախարարը:

 

Շահագրգիռ քննարկման արդյունքում' մասնակիցները հավաստիացրել են, որ կարվի ամեն ինչ տրված հանձնարարականները կատարելու և ընթացիկ տարվա գործունեությանը նորովի մոտենալու համար: