Կառավարության մարտի 22-ի նիստում գործադիրի ղեկավարն անդրադարձավ ջրամբարների թերի լցվածության խնդրին և նշեց, որ Ջրային պետական կոմտեի ղեկավարի հետ Կառավարությունում տեղի ունեած քննարկումների արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ:
Վարչապետը հանձնարարեց Ջրային պետական կոմիտեի ղեկավարին՝ Կառավարության աշխատակազմ ներկայացնել ոռոգման շրջանի աշխատանքների հետ կապված ջրամբարների լցվածության, պոմպակայանների հիմնման, գործող պոմպակայանները շահագործելու հետ կապված աշխատանքները և ՀՀ ֆինանսների նախարարության հետ հստակեցնել դրանց հետ կապված ծախսերը:
Ելնելով վերոգրյալից՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարեց Ջրային պետական կոմիտեի ղեկավարին՝ յոթ օրվա ընթացքում ներկայացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը՝ հաշվի առնելով այս հարցում գյուղացիական տնտեսությունների պահանջները:
Վարչապետը նաև հանձնարարեց ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ անհրաժեշտ աշխատանքների նախագիծը ստանալուց հետո մեկնարկել գնումների գործընթացը՝ հետեւելով շրջակա միջավայրի պահպանության նորմերին:
Գործադիրի ղեկավարը նաև հանձնարարական տվեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ ընդգծելով, այս գործում պետք է ապահովել մարզպետների ակտիվ մասնակցությունը:
«Մարզպետները պետք է ամփոփեն ջրային ոլորտի ներդրումային ծրագրերը, որոշեն առաջնահերթությունները և դրանք ներկայացնեն Կառավարության աշխատակազմ»,-ասաց վարչապետը և հավելեց, որ այսուհետ ոռոգման համակարգի և առկա խնդիրների մասին պետք է մտածել և հարցերը լուծել աշուն-ձմեռ ժամանակահատվածում: