Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության կողմից մշակվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը, ըստ որի, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի: Թե որքանո՞վ անհրաժեշտ կլինեն այս փոփոխությունները և արդյոք արդյունավետ կլինեն, այս և այլ հարցերի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանի հետ:

- Պարոն Երիցյան, ինչպե՞ս եք գնահատում օրենսդրական այս նախաձեռնությունը: Ի՞նչ կտա այս փոփոխությունը կրթական համակարգին:

- Ժամանակն է, որ 12-ամյա կրթության անցնելու պարագայում մենք փորձենք և՛ հայոց լեզու, և՛ հումանիտար առարկաների օգտակարությունն ուժեղացնել և հնարավորություն տալ, որ ուսանողներն ավելի շատ կենտրոնանան իրենց մասնագիտական առարկաների յուրացման վրա։ Ես չգիտեմ օրենսդրական այս մոտեցումն անցումային դրույթներ ունի, թե՞ ոչ: Գուցե իսկապես մեզ անհրաժեշտ է ոչ թե կտրուկ անցում անել, այլ փորձել այդ անցումն իրականացնել հանրակրթության 12-ամյա կրթության հատվածում և նոր անցումից հետո ընդունել, բացառել կամ հանել ուսուցումը բուհական համակարգում։ Բուհական համակարգը ենթադրում է, որ կարողանանք հնարավորինս թեթևացնել այն՝ իհարկե ոչ ի վնաս հայոց լեզվի, օտար լեզուների և պատմագիտական առարկաների, հակառակը՝ այդ առարկաներն անհրաժեշտ են, որ շրջանավարտը, ով քայլում է դեպի համալսարան՝ գիտելիքներով զինված գնա։ Ցավոք, այսօր, հանրակրթության ասպարեզում չունենք ինչպես հայոց լեզվի, այնպես էլ օտար լեզուների և հումանիտար առարկաների անհրաժեշտ կրթական մակարդակ։

Եթե մենք կտրուկ փոփոխություն ենք անում, գուցե որոշակի դժվարություններ առաջանան, գուցե անցումային դրույթով 1-2 տարի կարելի է փորձել, երբ համոզվենք, որ հանրակրթությունում այդ առարկաների ուսուցումը անհրաժեշտ մակարդակի է, կարող ենք այդ անցումը կատարել։ Նախագիծն իրականացնելիս չգիտեմ՝ ի՞նչ չափով է նախարարությունը բովանդակային դիտարկում կատարել և ուսումնասիրել, թե իրավիճակը, մակարդակն ինչպիսին է: Այս բոլորի ուսումնասիրությունը, եթե աչքիս առաջ լիներ, կարող էի կտրուկ կարծիք և դիրքորոշում արտահայտնել, բայց այն, որ պետք է մեր լեզվական մշակույթի իմացությունն ապահովենք 12-ամյա կրթությունն ավարտելով՝ դա միանշանակ է։ Ուսանողին չպետք է ծանրաբեռնենք այդ ուսուցումներով, որը միշտ չէ, որ կարող է արդյունավետ լինել։ Օրենսդրական նախաձեռնությունն ընդունելուց առաջ պետք է կազմակերպել քննարկումներ մասնագետների շրջանում, որը հնարավորություն կտա ինչ-ինչ ճշգրտումներ մտցնել։

Ռազմավարական տեսակետից մոտեցումները հստակ են, իսկ իրավիճակային մոտեցումների հետ կապված գուցե ինչ-ինչ խնդիրներ կան, որոնք կարելի է քննարկել և հստակեցնել։

- Տեսակետ կա, որ այս օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում թուլացնել ազգային արժեհամակարգերն ու հայագիտական դիրքերը։ Նման միտում տեսնո՞ւմ եք։

- Ո՛չ, ես այդպես չեմ կարծում, նման միտում չի կարող լինել։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ունենանք հանրակրթության շրջանավարտ՝ լավ զինված մայրենիով, օտար լեզուների իմացությամբ և ինչու չէ՝ հումանիտար առարկայախմբերի գիտելիքներով, ով նոր միայն կարող է յուրացնել մասնագիտական կարողությունները։ Բուհ-ում գերխնդիրը պետք է լինի նրանց մասնագիտություն ուսուցանելը։ 12-ամյա հանրակրթության անցնելը պատահական չէր, 10, 11, 12-րդ դասարաններն այս խնդիրն արդեն իսկ պետք է լուծեն։

- Փաստորեն, 2004 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից հանվել է հայագիտության հետ կապված այն հատուկ կետը, որը վերաբերում էր բուհերում այդ առարկաների պարտադիր դասավանդմանը: Սա այն ժամանահատվածն է, երբ Դուք էիք ԿԳ նախարարի պաշտոնին: Կհիշեք՝ ի՞նչ քննարկումներ էին ընթանում այն ժամանակ օրենքն ընդունելիս: Այդ առարկաների դասավանդումը դադարեցնելու հարց քննարկվո՞ւմ էր։

- Այդ քննարկումները մենք միշտ ունեցել ենք։ Այն ժամանակ, երբ օրենսդրական նախաձեռնությունը հրապարակվեց, բոլորս համաձայնեցինք։ Դեռևս նոր-նոր մտածում էին 12-ամյա կրթության անցման մասին, հստակեցված չէին անցման դրույթները, անցումները, և առաջընթացի հետ կապված խնդիրները, բայց կարծում եմ 2004-ից անցել է 15 տարի և այս ընթացքում այդ ճշգրտումներն ու հստակեցումները կամ ինչ-որ չափով կատարվել են, կամ պետք է կատարված լինեին։ Մենք այսօր խնդիր ունենք ավագ դպրոցի կայացման հարցում։ Պետք է այնպես անել, որ դպրոցի վերջին տարիները հնարավորություն տան արդյունավետ դարձնել ապագա շրջանավարտների գիտելիքների ամբողջականությունը։ Եթե նպատակային չդարձնենք, որը կարելի է անել հայոց լեզվի և օտար լեզուների խորացված ուսուցմամբ, մենք համալսարանի մեկ տարվա ընթացքում չենք փորձի տալ այն, ինչը չեն ստացել 3 տարվա ընթացքում։

Ժամանակն է, որ ունենանք լեզուների ուսուցման հայեցակարգ և ռազմավարական ծրագիր։ Այդ քննարկումներն այն ժամանակ էլ կային, բայց կարծես՝ հանգուցալուծման չեն եկել։ Օրենսդրական և ենթաօրենսդրական լուծումները հնարավորություն կտան ուսուցման մակարդակը բարձրացնել։ Եթե այսօր շրջանավարտը պետք է բուհ-ում մայրենի սովորի, այստեղ ուրեմն մենք խնդիր ունենք։

Սոնա Հարությունյան