Խաղողագործները կրկին բողոքի ակցի իրականացրին: Հավաքվածների բողոքը նույնն է՝ բարձրացնել խաղողի մթերման գինը: Բողոքի ակցիա իրականացնողներին վրդովեցրել են մի քանի կետեր՝ ինչո՞ւ վարչապետը չի իրականացնում իր խոստումը, ի՞նչ պատճառով է կոնյակի գործարանը գյուղացիների հետ կնքված որոշ պայմանագրեր խզել, և, ի վերջո, ինչ միջոցներով են ապրելու գյուղացիները:

«Ինձ իրենք ասել էին, որ այգիս մեծացնեմ, ես էլ դարձրել եմ 3 հեկտար: Անցյալ տարի 50 տոննա խաղող եմ տվել: Ես տարի էլ ասացի, բա մեր խաղողի հարցը ի՞նչ ա լինելու, ասացին համբերի, սպասի նոր ծրագիր պետք ա գա: Սպասեցի 1-2 ամիս, ոչ մի ծրագիր էլ չեղավ, ցուցակից հանեցին ինձ: Ցուցակից հանեցին ու պատճառը չգիտենք էլ՝ ինչն ա: Էս 15 տարի ա մենք աշխատել ենք կոնյակի գործարանի հետ: Մեր խնդրանքն ա, որ 150 դրամով մեր խաղողը ընդունեն, ու էնքան խաղող վերցնեն, որքան որ նախորդ տարի են վերցրել: Մենք էլ ենք մարդ էլի, ո՞նց ենք ապրելու»,- ասաց խաղողագործը:

Հավաքվածներից մեկն էլ ասաց. «Էս հարցը պարտադիր պետք ա լուծում ստանա, որովհետև մարդիկ 8 ամիս տանջվել են դաշտերում: Իրանք իջացնում են խաղողի մթերման գները, վերջը ինչ ա ստացվում, բա էդ հավելավճարները ուր են գնում: Մարդը պետք ա արժեք ստանա իր չարչարվածի դիմաց, թե՞ ոչ: Եթե կառավարությունը չունի այնպիսի լծակներ, որոնցով կկարողանա ազդել գործարանատերերի, կամ խաղողը ընդունողների վրա, մեզ էլ ի՞նչ ա մնում՝ դադարեցնենք մեր աշխատանքները, այգիները կտրենք ու նստենք դատարակ: Հիմա ի՞նչ պետք ա անի գյուղացին, իրանից հասնում ա՝ խաղողը բերի ու հասցնի էս փուլին, ինչն էլ արել ենք, հիմա պետք ա մարդիկ մի քիչ բարեխիղճ վերաբերմունք ցուցաբերեն»,- նշեց բողոքի ակցիա իրականցնողը:

Բողոքի ակցիա իարականացնողների հետ հանդիպելու եկավ Արարատի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, որը ասաց, որ հինգշաբթի իրենք արդեն տեղյակ են եղել խնդրից և խոսել են կոնյակի գործարանի հետ. «Մեզ ասացին, որ վերցնենք այն գյուղացիները համարները, որոնք ցանկանում են իրենց խաղողը հանձնել: Սա առաջին տարին չէ, ինչ խաղող եք մթերում, գիտեք, որ դա պայմանագրով է, ուրեմ, նաև գիտեք, որ պայմանագրերը պետք է թարմացվեն. գործարանն էլ ասում է՝ արի նոր պայմանագիր կնքենք, խնդիրը ինչո՞ւմն է»,- ընդգծեց փոխմարզպետը:

Կարեն Գրիգորյանը նշեց, որ իրենց խնդիրն է, որ գյուղացու մթերքը գետնին չմնա. «Հիմա ես ձեզ ասում եմ, կարող եմ տալ հեռախոսահամարներ, հանձնեք ձեր մթերքը, ինչի շնորհիվ էլ այն գետնին չի հայտնվի: Պետության իրականացրած ծրագրերը միտված են կարգավորելու ձեր հարցերը: Եթե պետությունը չմիջամտեր, ձեզանից այդ գնով էլ չէին վերցնի խաղողը»,- ասաց նա: