Կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ նոր բիզնես է սկսվում: Կառավարությունը երեկվա նիստում ՀՀԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրեց Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող շարժական և անշարժ գույքը 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել «MED A.K. GmbH» ընկերությանը: Այստեղ կազմակերպվելու է ավտոբուսների արտադրություն: Մեր տեղեկություններով՝ ձեռնարկման հետևում Կապի և տրանսպորտի նախարարն է: Արտադրվելու են մեծ տարողությամբ ավտոբուսներ (պահեստամասերը բերվելու են և այստեղ հավաքվելու), 7 տարվա ընթացքում ներդրվելու է 7 մլն դոլար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցի ներկայացման ժամանակ Պետգույքի կառավարման վարչության նախագահ Արման Սահակյանին անգամ չնայեց. հայացքն ուղղած Բեգլարյանին՝ իր նկատառումներն ուղղակիորեն իրական հասցեատիրոջն էր հղում:

Իհարկե, սա Բեգլարյան Գագիկի ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին նախաձեռնությունն է: Բեգլարյանը բազմափորձ բիզնեսմեն է և այս տարիների ընթացքում ամենատարբեր նախաձեռնություններ ու բիզնեսներ է իրականացրել թե՛ մինչև թաղապետ լինելը, թե՛ դրա ընթացքում և թե՛ քաղաքապետ եղած ժամանակ, որոնք հիմնականում բավական արդյունավետ են եղել: Սակայն ավտոբուսների արտադրությունը հատկանշական է թերևս նրանով, որ սա այն դեպքն է, երբ բիզնեսը կարծես թե թելադրվում է ի պաշտոնե: Հիմա Բեգլարյանը զբաղեցնում է Կապի և տրանսպորտի նախարարի աթոռը և, ըստ երևույթին, ներսից, ի պաշտոնե տրանսպորտի՝ ավելի քան անմխիթար վիճակի ուսումնասիրումն է ոլորտի ղեկավարի մոտ նման մտահղացում ծնել:

Մեր տեղեկություններով՝ որոշ գործարար շրջանակներում Բեգլարյանի այս նախաձեռնությանը մի տեսակ թերահավատորեն են մոտենում, մի տեսակ չեն հավատում, որ «Երազ»-ի երկիր Հայաստանում հնարավոր է ո՛չ մեկանգամյա արտադրության՝ թեկուզ հեծանիվ սարքել: Սակայն սա, կարծես թե, Բեգլարյանի համար արդեն «թասիբի» հարց է դարձել, և նա հավաստիացրել է բոլորին, թե Հայաստանն անպայման սեփական ավտոբուս կունենա: Շատերը, իհարկե, կարող են դարձյալ թերահավատությամբ մոտենալ և ասել, թե նախաձեռնությունն իսկապես անհավանականների շարքից է, բայց, հաշվի առնելով այն, որ Բեգլարյանի մոտ երբեմն ավելի անհավանական բաներ են ստացվել, կարելի է հուսալ, որ այս համարձակ «Երազ-անքն» էլ կարող է և իրականություն դառնալ:

Որ այսօր Հայաստանի փրկությունը հենց սեփական արտադրությանը զարկ տալն է, որևէ մեկի մոտ երևի թե չի էլ կարող կասկած առաջացնել: ՀՀ քաղաքացիները (եթե իսկապես լուրջ ինչ-որ բան ասելու լինենք) ո՛չ ընտրակաշառքի, ո՛չ ողորմելի թոշակների, ո՛չ էլ ավելի ողորմելի տարաբնույթ օգնությունների կարիք չունեն: Այսօր գերխնդիրն արժանապատիվ քաղաքացու վերակենդանացումն է՝ աշխատանք ունեցող և վաստակածով իր ընտանիքն արժանապատվորեն պահող մարդու: Իսկ դա հնարավոր է միայն ու միայն աշխատատեղեր ապահովելու, սեփական արտադրությանը զարկ տալու ճանապարհով: Իսկ այն, որ վերևներում, թեկուզ ուշացած, բայց գոնե, փաստորեն, սկսել են գիտակցել, որ պետության կայացման համար տեղական արտադրություն է հարկավոր՝ գործնականում, այլ ոչ թե ճառերով, և որ Հայաստանի ապագան հենց դրա, այլ ո՛չ թե ներկրմանը զարկ տալով՝ վերջնական «բանանային» հանրապետության վերածվելու մեջ է, երևի թե դեռ ամեն ինչ կորած չէ: Այնպես որ, գոնե այս դեպքում, երևի թե մնում է միայն ողջունել այս նախաձեռնությունը՝ անգամ անկախ նրանից, որ հերթական բիզնեսի հետևում դարձյալ բարձրաստիճան պաշտոնյա է, եթե, իհարկե, Բեգլարյանին հաջողվի տեր կանգնել իր «թասիբին» ու ապացուցել, որ իսկապես «թասիբով» տղամարդ է ու գործը մինչև վերջ հասցնող:

Լուսինե Կեսոյան