ՀՀ կառավարության համար ընդունելի չէ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությամբ պատգամավորների՝«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների' տարադրամով վարկերի վերաձևակերպման մասին» ՀՀ օրեն­ք ընդունելու առաջարկը:

 

 

Նախագծով առաջարկվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո վարկատու հանդիսացող կազմակերպություններին (առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ և այլ վարկատու կազմակերպություններ) պարտավորեցնել իրենց կողմից տրված բոլոր արտարժութային վարկերը, ինչպես նաև արտարժութային փոխառությունները վարկառուի պահանջից ելնելով վերածել դրամայինի՝ վարկառուի դիմելուց հետո առավելագույնը 30 օրացուցային օրվա ընթացքում, որի վերահաշվարկի համար հիմք կընդունվի վարկային (փոխառության) պայմանագրի կնքման ամսաթվով առկա՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված պաշտոնական փոխարժեքը:

 

 

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրայնը նշեց, որ նախագծով առաջարկվող քաղաքականության իրականացումը ենթադրում է միաժամանակյա էական ծախսեր, որի ծավալի վերաբերյալ կանխատեսում անել հնարավոր չէ: «Նշված միջոցառումը պետական միջամտությամբ իրականացնելու համար, առկա արտարժութային վարկերը մարելու նպատակով, արտարժութային ահռելի ռեսուրսների ձեռքբերման անհրաժեշտություն կառաջանա: Իսկ արտարժույթի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճը կարող է հանգեցնել տնտեսության և ամբողջ ֆինանսական համակարգի կաթվածահարման: Վերոնշյալ զարգացումները տեղի կունենան նույնիսկ արտարժութային վարկերի 10%-ի' նշված մեխանիզմով փոխարկման դեպքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

 

 

Բացի այդ, Խաչատրյանի դիտարկմամբ, ներկայում արտարժութային վարկերի մեծ տեսակարար կշիռ ունենալու պատճառը պայմանավորված է բանկային համակարգի ավանդների կառուցվածքով, որի շուրջ 64%-ը 2015 թվականի փետրվարի վերջի դրությամբ կազմել են արտարժութային ավանդները:

 

 

Նրա խոսքով՝ եթե բանկերն իրենք կրեն արտարժութային ավանդների վերաձևակերպման ռիսկը, ապա նրանց մոտ կառաջանա հսկայական արժութային ճեղքվածք, և արժութային փոխարժեքի նույնիսկ չնչին տատանումը կարող է հանգեցնել բանկային համակարգի կապիտալի մեծ կորուստների' բանկերում առաջ բերելով վճարունակության խնդիրներ և դարձյալ խաթարելով ողջ ֆինանսական համակարգի կայունությունը: Ըստ կառավարության հիմնավորման՝ նախագծով լուծված չէ արդյունավետ այլընտրանքային տարբերակներ առաջարկելու խնդիրը: Կառավարությունը նպատակահարմար չի գտնում և դեմ է պատգամավորների առաջարկին: