Slaq.am. Պետական բարձրաստիճան պաշտոնյայի հարազատները և զավակները ևս ՀՀ քաղաքացիներ են և իրավունք ունեն զբաղվելու այն գործով, որով ցանկանում են: ՀՀ օրենսդրությունը չի խոչընդոտում ու արգելք չի ստեղծում, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյայի հարազատները կամ ընտանիքի անդամները զբաղվեն բիզնեսով կամ լինեն որևէ պետական համակարգում, հետևաբար այդ ընտանիքն է որոշում, թե ինչով պետք է զբաղվեն իր անդամները: Հայաստանում կան երկու տիպի բարձրաստիճան պաշտոնյաներ. առաջին տիպն այն մարդիկ են, ովքեր իրենց երեխաներին կամ հարազատներին տեղավորում են պետական ապարատում և հնարավորություն տալիս պետական ապարատում կարիերայի ճանապարհով հասնել բարձունքների, հետևաբար նաև անհասկանալի միջոցներով հարստանալու: Նրանցից շատերը, տեղավորվելով այս կամ այն պետական պաշտոնում, կարիերա են անում' ունենալով իրենց հայրերի կամ հարազատների հովանավորչությունը, հասնում են պետական բարձր պաշտոնների, որի արդյունքում կարճ ժամանակահատվածում ձեռք են բերում ֆինանսական հսկայական կարողություններ: Երկրորդ տիպն այն պետական պաշտոնյաներն են, ովքեր իրենց որդիներին կամ հարազատների թույլ չեն տալիս մտնել պետական ապարատ' նրանց հրելով դեպի բիզնես միջավայր, որտեղ մի մասը, ստանալով հովանավորչություն իրենց հարազատների կողմից, հասնում է բիզնես հաջողությունների, մյուս մասը, չունենալով այդ հովանավորչությունը, աշխատանքի արդյունքում դարձյալ հասնում բիզնես հաջողությունների:

Որպես օրինակ վերցնենք Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը:
Ինչո՞վ են զբաղված Գագիկ Խաչատրյանի որդիներն ու մտերիմ հարազատները: Մենք տեղեկացանք, որ նրանք զբաղված են բիզնեսով: Խաչատրյանի որդիները Հայաստանում իրականացնում են բիզնեսի այնպիսի գործողություններ, որոնք չեն հակադրվում և մրցակցությունից դուրս չեն այլ բիզնես բնագավառների հետ: Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ Գագիկ Խաչատրյանի որդիները վճարում են իրենց բիզնեսի հարկերը, ապահովում են բավականին բարձր աշխատավարձով աշխատատեղեր, նոր որակ են ստեղծում բիզնես միջավայրում և կարողանում են հայկական բիզնես միջավայր ներարկել միջազգային ստանդարտներին համապատասխանող սերվիս: Նրա եղբոր որդիները ևս գործունեություն են ծավալում բիզնեսի բնագավառում: Մասնավորապես, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՊԵԿ նախագահի եղբոր որդիները զբաղված են դեպի Հայաստան հրուշակեղենի ներկրմամբ: Նրանք ևս վճարում են իրենց հարկերը, ունեն բավականին մեծ աշխատակազմ' բարձր աշխատավարձով, և իրենց ընկերությունները պատշաճորեն կատարում են իրենց գործառույթները: Ուսումնասիրելով նմանատիպ այլ բիզնեսները և զրուցելով դրանց սեփականատերերի հետ' մենք պարզեցինք, որ ՊԵԿ նախագահի հարազատները չեն օգտագործում Գագիկ Խաչատրյանի պաշտոնական դիրքը և անհավասար մրցակցություն չեն ստեղծում իրենց մրցակիցների համար: Ընդհակառակը' այդ նույն բնագավառում աշխատող գործարարները դրվատանքով են խոսում Գագիկ Խաչատրյանի հարազատների մասին և պնդում են, որ ուրախ են, որ այդ մարդիկ իրենց մրցակիցն են բիզնեսում, քանզի ունենալով ռեսուրսներ և Գագիկ Խաչատրյանի նման հովանավոր' չեն օգտվում այդ հովանավորչությունից:
Ի՞նչ պետք է անի Գագիկ Խաչատրյանը, արդյո՞ք պետք է արգելի իր հարազատներին և որդիներին զբաղվել բիզնեսով և արդյո՞ք վատ է, որ այդ երիտասարդները զբաղվում են բիզնեսով, վճարում են հարկեր և ստեղծում աշխատատեղեր:
Բարձաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի խումբը պահանջում էր, որպեսզի էթիկայի հանձնաժողովը հայտարարի, որ Գագիկ Խաչատրյանի հարազատների կողմից կառավարվող բիզնեսները մրցակիցների համար անհավասար պայմաններ են ստեղծում:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, էթիկայի հանձնաժողովը, որոշում է կայացրել, որ Գագիկ Խաչատրյանը կապ ունի «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերությունների հետ, այսինքն' այս ընկերությունները պատկանում են նրա հարազատներին: Սակայն նույն հանձնաժողովը, ըստ մեր հավաստի աղբյուրների, նույն եզրակացության մեջ նշել է, որ այս ընկերություններն ուղղակիորեն չեն խաչվում Գագիկ Խաչատրյանի գործունեության հետ և նա չի միջամտում և նպաստում այս ընկերությունների զարգացման գործընթացին:

Հ.Գ. Շատ կարևոր է, որ մենք' որպես կապիտալիստական հասարակություն, հասկանանք մի բան. ՀՀ ամենակարևորագույն հենասյուներից մեկը բիզնեսն է և մեր երկրի զարգացման ամենակարևորագույն գրավականներից մեկը հասարակության ներսում բիզնես մթնոլորտի առողջ առկայությունն է, ուստի շատ կարևոր է, որ բիզնեսով զբաղվեն մեծ թվով քաղաքացիներ, ու այս դեպքում, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հարազատներին ուղղակի կամ անուղղակի հրում են դեպի բիզնես մթնոլորտ, պետք է խրախուսել: Մյուս կողմից, սակայն, պետք է պետությունն աչալրջորեն հետևի, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաները իրենց պետական դիրքը չչարաշահեն' նպաստելու համար իրենց հարազատների բիզնեսի զարգացմանը: Եթե այս պարագայում մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Գագիկ Խաչատրյանը չի աջակցում, այլ ընդհակառակը բոլորի հետ հավասար ստիպում է, որպեսզի իր հարազատները վճարեն հարկեր, իսկ այդ ընկերությունները վճարում են (հարկ եղած դեպքում կարող ենք ներկայացնել այդ ընկերությունների վճարած հարկերը), մենք պետք է ոչ թե քննադատենք, այլ խրախուսենք, որպեսզի նմանատիպ ընտանիքները շատանան: Ցավոք սրտի, մեր հասարակության մի հատվածը փոխանակ պայքարի պետական ապարատը ժառանգական դարձնելու դեմ, քննադատում է այն երևույթը, երբ պետական ապարատի բարձրաստիճան չինովնիկները իրենց հարազատներին բրդում են դեպի բիզնես միջավայր: